27 հուլիսի 2011 - 12:43 AMT
2012 թ. «Երևան ջուր» ընկերությունը 12-ժամյա ջրամատակարարում կապահովի Երևանում

Ըստ «Երևան ջուր» ՓԲԸ կառավարման պայմանագրի, ընկերությունը պարտավորվում է 2012թ. 12-ժամյա ջրամատակարարում ապահովել Երևանում ներկայիս 8 ժամի փոխարեն: Այդ մասին հուլիսի 27-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Երևան ջուր» ՓԲԸ «Արևելք» հատվածի շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը:: Ըստ նրա, շուրջօրյա ջրամատակարարում ունենալու երևանցիների երազանքը միանգամայն իրատեսական է, սակայն պայմանագրի շրջանակներում կան այնպիսի տեղեր, որտեղ տեխնիկապես հնարավոր չէ ապահովել շուրջօրյա ջրամատակարարում:

Ինչպես ասել է Կարապետ Օհանյանը, ընկերությունն ամեն օր մատակարարում է 10 100 լ ջուր վայրկյանում, իսկ ջրի կորուստը կազմում է 82-83 տոկոս: Նա հավելել է նաև, որ համակարգի արդիականացման աշխատանքների արդյունքում ջրի կորուստի ցուցանիշն ամեն տարի կրճատվում է:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ որոշման համաձայն, հուլիսի 8-ից Երևանի բնակիչների համար ջրի սակագինը նվազեց՝ կազմելով 181 դրամ խմ համար, նախկին 195 դրամի դիմաց: