27 հուլիսի 2011 - 16:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում հարթակ է ստեղծվում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանի ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հարցերը։ Ինչպես հայտնել է հուլիսի 27-ին կառավարության մամլո կենտրոնում «Փոքր և միջին ձեռնարկատիրության հիմնադրամի» գրոծադիր տնօրեն Նարինե Մայիլյանը, առաջին նիստի արդյունքներով խորհրդի անդամները ներկայացրել են մի շարք խնդիրներ, որոնց հետ այսօր բախվում են ՓՄՁ ներկայացուցիչները։ Մասնավորապես, նրա խոսքով, առաջարկվել է հեշտացված կարգով կազմակերպել այն կազմակերպությունների լուծարումը, որոնք գրանցվել են, սակայն հիմա գրեթե չեն աշխատում, ինչը թույլ կտա ներկայացնել ընդհանուր պատկերը։ «Իսկ բիզնեսի գրանցումը «մեկ պատուհանի» սկզբունքով ուղղակի նվեր էր ձեռնարկատերերի համար, բայց այստեղ ևս կան անճշտություններ, քանի որ համակարգը չի տրամադրում հաշվառման համարը Սոցիալական ապահովագրման հիմնադրամում»,- ասել է նա։ Ինչպես նշել է հիմնադրամի տնօրենը, այդ համակարգի ներմուծումը 2012-ից նախատեսում է էլեկտրոնային ստորագրության առկայությունը, ինչը լրացուցիչ ծախս է ՓՄՁ համար։

ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող արգելքների թվում Նարինե Մայիլյանը նշել է ԱԱՀ վճարումների հետաձգումներն այն ընկերությունների համար, որոնք ներկրում են ավելի քան 300 մլն դրամի սարքավորումներ։ «Այդ արգելքը պետք է հանվի, քանի որ նման գումարով ժամանակակից սարքավորումներ կարող են ձեռք բերել միայն խոշոր ընկերությունները, այլ ոչ թե փոքրերը»,- ասել է նա և նշել բյուրոկրատական բնույթ ունեցող մի շարք խնդիրներ, որոնք նույնպես բարդացնում են ՓՄՁ աշխատանքը։

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը նշել է, որ ՓՄՁ հարցերով խորհրդի ստեղծումը թույլ կտա հարթակ ձևավորել նրա հետագա զարգացման համար։

ՖՈՏՈՇԱՐՔ