Արա Պապյան. Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրավունքից

Արա Պապյան. Թուրքիան հայերին ուզում է  զրկել անգամ երազելու իրավունքից

PanARMENIAN.Net - Թուրքերն այսօր բացահայտ խոսում են Օսմանյան կայսրության վերականգնման մասին: Իհարկե, դա ուզում են անել այլ փաթեթավորմամբ, սակայն էությունը դրանից չի փոխվում: Եվ սա պարզապես խոսակցությունների մակարդակով չէ, այլ կա հստակ ձևակերպված և իրականացվող պետական քաղաքականություն: Այս մասին ասվում է Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հոդվածում: Նրա խոսքերով, եթե ժամանակին Լենինը Ռուսաստանյան կայսրությունը կոչել է «ժողովուրդների բանտ», ապա Օսմանյան կայսրությունը հաստատապես կարող ենք կոչել «ժողովուրդների սպանդանոց»: Խոսքը հենց ա՜յդ սպանդանոցի վերականգնման մասին է: Աշխարհում չի եղել որևէ այլ պետական միավորում, գոնե վերջին հինգը հարյուր տարվա մեջ, որտեղ այլազգիները և այլակրոնները պետական մակարդակով և օրենսդրորեն ենթարկված լինեն բազմաբնույթ խտրականության, դաժան ջարդերի և, ի վերջո, աննախադեպ ցեղասպանության:

«Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե գերմանացիները խոսեին Երրորդ ռայխի կամ դրա ազդեցության վերականգնման մասին: Իսկ մենք լռության մատնեցինք և լռության ենք մատնում թուրքական նման հայտարարությունները: Փոխանակ, որպես այդ կայսրության և դրա իրավահաջորդի կողմից ցեղասպանության ենթարկված և հայրենազրկված ազգ ու պետություն, ամեն քաղաքական խաչմերուկում բողոքեինք դրա դեմ: Թերևս մեր ակնկալիքն այն է, որ թուրքերը երախտագիտությամբ կփոխադարձեն մեր զուսպ վարքին: Երջանիկ միամտություն, որը կարող է ունենալ միայն թուրքերին չճանաչողը: Միթե՞ պարզ չէ, որ Օսմանյան կայսրության վերականգնումը, անկախ նրա դրսևորման ձևից, նշանակում է Հայաստանի Հանրապետության վերջը»,-ասվում է հոդվածում:

Օրեր առաջ աշակերտի պարզ հարցին՝ Հայաստանի ապագա սահմանների վերաբերյալ, Սերժ Սարգսյանը տվել է բավականին մեղմ, խիստ ընդհանուր, ես կասեի՝ խուսափողական, պատասխան: «Ավելին, նա ըստ էության ասել է, որ ինքը մտադիր չէ Թուրքիային որևէ պահանջ ներկայացնելու, քանի որ իր սերնդի գործը համարել է ավարտված: Նա չի ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ ամեն ինչ անելու է որպեսզի վերջ դրվի Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի, կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքի և ոչ թե վերացական հայկական հողերի, Թուրքիայի կողմից ապօրինի ռազմակալմանը:

Այս միջադեպը երևի աննկատ կմնար, եթե չլիներ Թուրքիայի կողմից բարձրացված աղմուկը: Իսկ ո՞րն է Թուրքիայի նպատակը տվյալ դեպքում: Կարծում եմ՝ հերթական անգամ Հայաստանից հավաստիացումներ պոկելն (իսկ դա մի անգամ արդեն ամրագրվել է արձանագրությունների մեջ) առ այն, որ Հայաստանը Թուրքիայից որևէ պահանջ չունի, այսինքն՝ ուրացման քաղաքականության միջոցով Հայաստանի հերթական ստորացումը միջազգային հարաբերություններում: Թուրքիայի այսօրվա վարքի մեջ է դրսևորվում նաև տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների գաղտնիքը: Շատերն ասում են՝ Թուրքիայի ինչի՞ն էր պետք ստորագրել տալ արձանագրությունները, նախապես իմանալով, որ դրանք չի վավերացնելու: Թուրքիան աշխարհին ցույց տվեց, որ իր հետ հարաբերությունների համար հայերը պատրաստ են գնալ գրեթե ամեն ինչի, ամեն ուրացումի:

Սա գործնական հարթության վրա, իսկ խորքային առումով Թուրքիայի նպատակներն ավելի վտանգավոր են: Թուրքիան հայերին ուզում է զրկել անգամ երազելու իրավունքից: Թուրքերը մեզ զրկել են գրեթե ամեն ինչից, իսկ հիմա էլ ուզում են զնդանել մեր ոգին և շղթայել մեր միտքը: Զրկեք ցանկացած ազգի երազելու ունակությունից, և նա ազգից կդառնա սպառողական շուկա:

Երազանքը, անգամ անիրականանալի թվացող երազանքը, ազգի ոգու աղն է, որը փրկում է այդ ոգին փչանալուց»,-ասվում է Արա Պապյանի հոդվածում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---