Հայաստանի հավաքականի ամենաերիտասարդ շախմատիստ. Ուրախ եմ, որ խաղում եմ բարձրակարգ շախմատիստների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ամենաերիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը կարևոր նշանակություն է տալիս այն փաստին, որ չնայած նրան, որ Հայաստանը վարկանիշով աշխարհի ուժեղագույն թիմերի եռկայում չէր, բոլոր խաղերում վստահ հանդես եկավ։ «Ուրախ եմ, որ խաղում եմ բարձրակարգ շախմատիստների հետ։ Բայց ես դեռ շատ բան պետք է սովորեմ, ցանկանում եմ լավացնել իմ խաղային որակները, քանի որ չեմպիոնության կարելի է հասնել, բայց պետք է երկրորդ անգամ կրկնել հաջողությունը և պահել այն»,- ասել է 20-ամյա շախմատիստը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում։

Հովհաննիսյանը, որն առաջնությունում մեկ պարտիա է անցկացրել եգիպտացի շախմատիստի հետ և հաղթել, խոստովանել է, որ խաղից առաջ շատ լարված է եղել և գիշերը չի կարողացել քնել։ «Բայց ամենադժվար հանդիպումը մեզ համար Ադրբեջանի հավաքականի հետ խաղն էր։ Համոզված եմ, որ ադրբեջանցի շախմատիստները տրամադրված էին մեզ հետ խաղին, նրանք ուժեղ թիմ ունեն, բայց այն առաջնությունում անհաջող հանդես եկավ։ Հայաստանի հետ հանդիպմանը նրանք ցանկանում էին ապացուցել, որ կարող են հաղթել։Մեզ համար նույնպես այս հանդիպումը կարևոր էր, քանի որ մենք առաջին տեղում էինք և անհաջողության դեպքում շատ բան կարող էինք կորցնել»,- ասել է Հովհաննիսյանը։

Շախմատիստը նշել է, որ երբ տեսել է հավաքված մարդկանց, ովքեր եկել էին իրենց շնորհավորելու, զգացել է, թե որքան կարևոր է այս հաղթանակը ողջ հայության համար։

Հայաստանի հավաքականը հուլիսի 26-ին աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել Նինբո քաղաքում։ 9 տուրերում հայ գրոսմայստերները հավաքել են 14 թիմային և 22,5 անհատական միավորներ՝ հավասարը չունենալով 10 թիմերի շարքում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---