Արմեն Գևորգյանը KfW-ի պատվիրակության հետ քննարկեց համատեղ իրականացվող ծրագրերը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը:

Փոխվարչապետը բարձր գնահատեց KfW-ի հետ ձևավորված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեց ընդլայնել այն: Հանդիպմանը քննարկվեցին KfW-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Գևորգյանը, նշելով, որ Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է, կարևորեց Կապսի ջրամբարի կառուցման հարցը, որն այժմ բանկի հետ քննարկման փուլում է: Ջրամբարի կառուցումը լուրջ բնապահպանական նշանակություն կունենա` նպաստելով Արփի լճի ջրերի ավելի արդյունավետ օգտագործմանը և ավելացնելով ոռոգելի տարածքները: Այն կարող է մասնավոր-պետական հատվածների համագործակցության արդյունավետ մոդել դառնալ:

Փոխվարչապետը նշեց, որ Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորված ջրամատակարարման համակարգերի բարելավման ոլորտում` մասնավորապես նկատի ունենալով KfW-ի վարկային միջոցներով "Շիրակջրմուղկոյուղի" ՓԲ, "Լոռիջրմուղկոյուղի" ՓԲ, "Նոր Ակունք" ՓԲ ընկերությունների կառավարման և դրանց տիրույթում գտնվող ցանցերի արդիականացման ծրագիրը:

Փոխվարչապետը կարևորեց նաև KfW-ի հետ համայնքային զարգացման ծրագրերի բնագավառում համագործակցությունը` ներկայումս քննարկվող համայնքների աղբահանության կազմակերպմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև KfW-ի հետ համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կողմերը ընդունելի համարեցին Հայաստանում ՀԲ-ի հետ իրականացվող խմելու ջրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացման հնարավորության քննարկումը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին համագործակցության և ծրագրերի իրականացման ընթացքում ՀՀ կառավարության աջակցության համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---