Վարչապետը հավաստիացրել է IFC-ին, որ գործարար միջավայրի բարելավումն առաջնային է ՀՀ կառավարության համար

Վարչապետը հավաստիացրել է IFC-ին, որ գործարար միջավայրի բարելավումն առաջնային է ՀՀ կառավարության համար

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ գործակցության ընթացքից և կարևորել դրա հետագա խորացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են պետություն-մասնավոր հատված համագործակցության (PPP) շրջանակում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերին ՄՖԿ-ի հնարավոր մասնակցության հարցին:

Այդ համատեքստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է:

Մասնավորապես, նա նշել է, որ ՀՀ կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով ձեռք է բերվելու պրոտոնային արագացուցիչ` ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն հիմնելու նպատակով: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը վկայում է գիտական ներուժի կիրառման մասին և հնարավորություն կտա արդիականացնել առողջապահության ոլորտը: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Թոմաս Լյուբեքը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում է ՀՀ կառավարությանը տնտեսական բարեփոխումների հարցում:

Հանդիպման ընթացքում արծարծվել է Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման գործում կորպորացիայի հնարավոր օժանդակության հարցը: Այս առնչությամբ հյուրերը վարչապետին են ներկայացրել տարբեր երկրներում ՄՖԿ-ի աջակցությամբ նմանատիպ ծրագրերի իրականացման փորձը:

Քննարկվել են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում «Doing Business»-ի բարելավման ուղղությամբ ձեռնարկված քայլերը` միտված հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ գործարար միջավայրի բարելավումն առաջնահերթություն է ՀՀ կառավարության համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---