29 հուլիսի 2011 - 17:41 AMT
Պենտագոնում գտնում են, որ Ղարաբաղի շուրջ խաղաղարար ջանքերում նահանջ է գրանցվել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կողմ է, որպեսզի ԵԱՀԿ-ն շարունակի անմիջական դերակատարություն ունենալ Վրաստանում, Մոլդովայում և Ղարաբաղում «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նա հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսին կից գործող երկկուսակցական Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հանձնաժողովի կազմակերպած լսումներում: Գորդոնի հետ միասին միջոցառմանը մասնակցել են Պենտագոնի միջազգային անվտանգության գծով Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն և ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի գծով օգնական Մայք Պոսները:

«ԵԱՀԿ-ն պետք է անմիջական դերակատարություն ունենա Վրաստանում, Մոլդովայում և Ղարաբաղում «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում»,-ասել է Գորդոնը: Ըստ նրա, «այդ հակամարտությունները ավերիչ ներուժ ունեն, որը կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:

Իր հերթին, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքը, Վերշբոուն կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի շուրջ խաղաղարար ջանքերում նահանջ է գրանցվել: Կազանում բեկում արձանագրելու փորձը ձախողվեց, իսկ «լարվածությունը շփման գծում աճում է», ասել է նա: Ըստ նրա շարադրած տեղեկատվության, Հայաստանն ու Ադրբեջանը «նախկինի պես ի վիճակի չեն ավարտին հասցնել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, և մենք մնում ենք ապակառուցողական ու վտանգավոր իրավիճակում»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման:

«Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: