Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի առաջնությանը մասնակցում են աննախադեպ քանակությամբ թիմեր Հայաստանից

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Բաթումիում մեկնարկել է Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի 13-րդ առաջնությունը, որին մասնակցում են 50 թիմեր Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից։ Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վրաստանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի կազմկոմիտեի նախագահ Գեորգի Մոսիձեն, այս տարի սպասվում է թիմերի ռեկորդային քանակություն։ «Թիմերի ինտելեկտուալ մակարդակն ամեն տարի բարձրանում է, բայց ավելի շատ ուրախացնում է այն, որ հայտնվում են նոր թիմեր»,- ասել է նա։

Իր հերթին «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է, որ այս տարի առաջնությանը մասնակցում են աննախադեպ քանակությամբ թիմեր Հայաստանից՝ 14 թիմ անցյալ տարվա 8-ի փոխարեն։ Քոչարյանը հավելել է, որ դա հնարավոր է դարձել Հայաստանի պետական և մասնավոր հատվածի աջակցության շնորհիվ։ Մասնավորապես, 4 թիմեր մասնակցում են առաջնությանը Հայաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

«Մենք կփորձենք ցույց տալ լավ արդյունք, չէ որ քանակը պարտավոր է վերաճել որակի»,- ասել է նա։ Պետք է նշել, որ առաջին անգամ առաջնությանը մասնակցում է հայկական առաջատար լրատվական գործակալությունների, այդ թվում՝ PanARMENIAN.Net ի, լրագրողների թիմը ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։ Առաջին փուլի արդյունքներով առաջատար է Բալաշ Կասումովի թիմը՝ 28 միավոր (Ադրբեջան), իսկ հայկական «Հայաստան» և «ԴԱՖ» թիմերը 25 միավորով կիսում են 3-րդ և 4-րդ տեղերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---