30 հուլիսի 2011 - 15:17 AMT
Բնապահպան. Հայաստանի նման երկիրը չի կարող աչք փակել անապատացման խնդրի վրա

Իր աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների և կենսաբազմազանության պատճառով Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ անապատացման խնդիրն առավել սուր է դրված: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը: «Մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ` անտեսել այդ խնդիրը»,- ասել է նա:

Բնապահպանի խոսքով, Հայաստանի տարածքների շուրջ 80 տոկոսը ենթակա է անապատացման, ընդ որում տարածքների 30 տոկոսում այդ խնդիրը հատկապես հրատապ է: Այդ առումով Աշոտ Խոյեցյանը հավելել է, որ հիմնական խնդիրը ռեսուրսների օգտագործման անգրագիտությունն է և առկա խնդրի մասին բնակչության մոտ տեղեկատվության բացակայությունը: «Ֆերմերների միայն 4 տոկոսը գիտի, թե ինչ է հողի էրոզիան կամ երաշտը»,- ասել է նա:

Չնայած նրան, որ Հայաստանը դեռ 1997-ին միացել է անապատացման դեմ պայքարի ՄԱԿ կոնվենցիային, այնուամենայնիվ, այդ խնդիրը երկրում անընդհատ մղվում է երկրորդ պլան, քանի որ պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում դրան և անհրաժեշտ ֆինանսավորում չի հատկացնում: Ինչպես հաղորդել է Աշոտ Խոյեցյանը, կոնվենցիայի շրջանակներում վերջին երկու տարիներին Հայաստանին տրամադրվել է միջազգային դրամաշնորհ Կոտայքի մարզում ջրամատակարարման և Տավուշում սողանքների առաջնահերթ խնդիրների լուծման համար: