«Նոր ալիք 2011». Էրիկը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

«Նոր ալիք 2011». Էրիկը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

PanARMENIAN.Net - Յուրմալայում ընթացող երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2011» միջազգային մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Էրիկը: Ընդհանուր մրցույթում Էրիկը 335 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Մրցույթն ավարտվեց հուլիսի 31-ին: Գալա համերգի ընթացքում կայացավ հաղթողների մրցանակաբաշխությունը:

Մրցույթում հաղթող դարձավ ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյդեն Ֆելդերը 341 միավորով: Երկրորդ տեղում է ուկրաինուհի Մաշա Սոբկոն, իսկ երրորդ տեղում` Ռուսաստանը ներկայացնող «Ն.Ա.Ո.Մ.Ի.» խումբը: Յուրմալայի քաղաքային դումայի մրցանակներին արժանացան Ֆինլանդիայի ներկայացուցիչ «Flute of Shame» խումբը և Ղազախստանը ներկայացնող «Ա-Լաու» դուետը: Ֆիննական խումբն արժանացավ նաև «Ալլայի ոսկե աստղի» և 50.000 եվրո մրցանակի ռուս հայտնի երգչուհի, փառատոնի մուսա Ալլա Պուգաչովայից:

Բացի հիմնական մրցանակներից, Անդրեյ Grizz-Lee-ին եթեր տրամադրվեց ռուսական «Ավտոռադիո» ռադիոկայանում, ինչպես նաև տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն «Մեգաֆոն» ընկերությունում:

«МУЗ ТВ» հեռուստաընկերությունը Անդրեյ Grizz-Lee-ին, ուկրաինացիներ Մաշա Սոբկոյին և «The Կոլյա Սերգա» խմբին հեռուստաեթերի հնարավորություն նվիրեց:

Ժյուրիի կազմում ընդգրկված էին երգահաններ Իգոր Կրուտոյը, Ռայմոնդ Պաուլսը, Յուրի Անտոնովը, Իգոր Նիկոլաևը, երգիչներ Վալերի Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը, Վալերիան և պրոդյուսերներ Կոնստանտին Մելաձեն ու Մաքս Ֆադեևը:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ ունեցան 16 մասնակիցներ 14 երկրներից: Մրցույթին առաջին անգամ մասնակցեց Տոգոն:

Այս տարվա մրցութային ֆոնդը կազմեց100.000 եվրո: Առաջին մրցանակակիրը ստացավ 50.000, երկրորդը` 30.000, իսկ երրորդը` 20.000 եվրո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---