Հնդկահայ համայնքը նշել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 155-ամյակը

Հնդկահայ համայնքը նշել է կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 155-ամյակը

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ին հնդկահայոց հոգևոր հովվությունը Կալկաթայի (Հնդկաստան) Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում նշեց հայ անվանի երաժիշտ, կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ծննդյան 155-ամյակը:

Երեկոն սկսվեց մեծ երգահանի «Ով հայոց աշխարհ» երգով Հայոց մարդասիրական ճեմարանի երգչախմբի կատարմամբ, որին հաջորդեցին մեծանուն կոմպոզիտորի մի շարք ստեղծագործությունների կատարումներ:

Համերգի ավարտին հնդկահայ հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ներկաներին ներկայացրեց Մակար Եկմալյանի կյանքն ու գործունեությունը, նրա թողած ժառանգությունը, անդրադարձավ այն բացառիկ դերակատարությանը, որ ունի մեծ երգահանը հայ հոգևոր և աշխարհիկ երգարվեստում: Հայր Սուրբն իր խոսքը եզրափակեց՝ մեջբերելով Կոմիտաս վարդապետի գնահատականն ուղղված Մակար Եկմալյանին. «Հարգելի երաժիշտ Պ. Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց: Սրտանց ուրախ ենք, որ հայերս այժմ կարող ենք պարծենալ, թե մենք էլ հետ չենք մնացել վսեմ գեղարվեստի և կատարելագույն երաժշտության զարգացումից»:

Տոնակատարությանը մասնակցեցին եկեղեցու վարչության անդամները, կալկաթաբնակ հայերը, Հայոց մարդասիրական ճեմարանի ուսուցիչները, աշակերտները և հրավիրյալներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---