2 օգոստոսի 2011 - 13:30 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել պետպարտքի լիմիտի բարձրացման մասին օրինագծին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օգոստոսի 1-ի երեկոյան քվեարկել է պետպարտքի լիմիտի բարձրացման մասին օրինագծի օգտին: Խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, որ փաստաթղթին հավանություն է տվել 269 կոնգրեսական, 161-ը՝ դեմ է քվեարկել:

Նշվում է, որ «կողմ» է քվեարկել 174 հանրապետական և «դեմ»՝ 66-ը: Դեմոկրատների ձայները կիսվել են՝ 95/ 95:

Սենատը մտադիր է քննարկել օրինագիծը օգոստոսի 2-ի երեկոյան:

Հանրապետականներն ու դեմոկրատները չէին կարողացել պայմանավորվել պետպարտքի վերին շեմի բարձրացման մասին վերջին մի քանի ամիսների ընթացքում: Բանակցություններում այդ հարցը կապվում էր ԱՄՆ բյուջեի պակասուրդի կրճատման հետ: Հանրապետականներն առաջարկում էին կտրուկ նվազեցնել ծախսերը, մասնավորապես, կրճատելով սոցվճարները: Դեմոկրատներն, իրենց հերթին, պնդում էին, որ հարկավոր է չեղյալ հայտարարել մի շարք արտոնությունները հարուստների համար և այլ միջոցներ ձեռնարկել:

Համաձայնությունը ձեռք բերվեց միայն հուլիսի 31-ին: Սպիտակ տան կայքում պաշտոնական տեղեկություններ են ստացվել այն մասին, թե ինչպես է կրճատվել բյուջեի պակասուրդը: Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են ծախսերը տրիլիոն դոլարով նվազեցնելու մասին առաջիկա 10 տարում: Բացի այդ, դեմոկրատներն ու հանրապետականները պայմանավորվել են այն մասին, որ կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը պետք է մինչև 2011թ. ավարտը որոշի, թե ինչպես կարելի է տնտեսել ևս 1,5 տրիլիոն դոլար:

Համաձայնության հասնելուն պես համաձայնագիրը ներկայացվել է կոնգրեսականների ուսումնասիրությանը: Ընդ որում, քաղաքական գործիչների մի մասը միանգամից հայտարարել է, որ պայմանավորվածությունն իրենց դուր չի գալիս:

Եթե պայմանագիրը հավանություն չստանա, օգոստոսի 2-ից ԱՄՆ-ին տեխնիկական դեֆլորտ է սպառնում, քանի որ երկիրը կկորցնի սեփական պարտքը սպասարկելու հնարավորությունը: Փորձագետների մի մասը կարծում է, թե ԱՄՆ-ի տեխնիկական դեֆոլտը կարող է լայնածավալ տնտեսական ճգնաժամի հանգեցնել, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի 2008թ. հետ, հաղորդում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը: