2 օգոստոսի 2011 - 13:59 AMT
Սամվել Կարապետյանը գաղափարների զոհ է, գտնում է Վարդան Դևրիկյանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գաղափարների զոհ է, գտնում է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: Ըստ Դևրիկյանի, այդ գաղափարներն են, որ Հայ առաքելական եկեղեցին նպաստում է պետության կործանմանը, իսկ մյուսը, որ եկեղեցին չպետք է այդքան խառնվի հասարակական կյանքին:

Դևրիկյանը, ով երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռում, համոզված է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չէր կարող օգտագործել «օբյեկտ» բառը, քանի որ Կաթողիկոսը չափից շատ է խոսում գրաբարով:

Ինչ վերաբերում է Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակին, ապա Դևրիկյանը գտնում է, որ չնայած այն բանին, որ աղմուկը օգտակար եղավ, այնուամենայնիվ այն առավել օգտակար կլիներ, եթե այդ հարցը ավելի խորքային դիտվեր:

Վերջերս Facebook սոցիալական ցանցում աղմուկ է բարձրացվել «Չենք լռելու» հասարակական կազմակերպության կողմից, ով ներկայացրել է լրատվամիջոցի հարցազրույցը, որտեղ տրված էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի և իրենց հիմնադրամի հանգուցյալ նախագահ Արմեն Հախնազարյանի զրույցը կաթողիկոսի հետ: Ըստ Կարապետյանի, Սանահինի վանական համալիրի անմխիթար վիճակի մասին հարց է տրվել Կաթողիկոսին, ով պատասխանել է. «Ես սարերի վրայի վանքերի հետ գործ չունեմ» իսկ շինարարությանը ծանոթացնելուց օգտագործել է «օբյեկտ» բառը:Այս ամենի հիման վրա հասարակական վրդովմունքը ավելի է սրվել. բանը հասել է Կաթողիկոսին հեռացնելու պահանջ ներկայացնող խմբեր ստեղծելուն սոցիալական կայքում: