2 օգոստոսի 2011 - 17:47 AMT
Սերգեյ Սմբատյանը «Օհրիդյան ամառ» փառատոնին կղեկավարի Մակեդոնիայի օպերայի և բալետի նվագախումբը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա «Օհրիդյան ամառ» փառատոնին, որն անցկացվում է Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում: Օգոստոսի 4-ին քաղաքի անտիկ թատրոնում նա կղեկավարի Մակեդոնիայի օպերայի և բալետի նվագախումբը: Համերգին ելույթ կունենա նաև «21-րդ դարի տենորներ» ռուսական երաժշտական նախագիծը: Ծրագրում հնչելու են Ստրոսի, Պուչինիի, Ռոսսինիի, Ալբինոնիի, Վերդիի, Տոստիի և Ռոդրիգոյի ստեղծագործությունները:

«Օհրիդյան ամառ»-ը ամենահայտնի Եվրոպական փառատոներից մեկն է: Ամենամյա այս փառատոնը կայանում է հուլիսի 12-ից օգոստոսի 20-ը: Առաջին համերգը կայացել է 1961թ-ին քաղաքի Սբ. Սոֆյա եկեղեցում: Փառատոնը հիմնականում բացոթյա է, համերգները կայանում են եկեղեցիների բակերում, անտիկ թատրոնում, միջնադարյան կառույցների հարևանությամբ:

Ամեն տարի փառատոն են այցելում բազմաթիվ աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ և կատարողներ, ինչպիսիք են դաշնակահար Դենիս Մացուևը, օպերային երգչուհի Բարբարա Հենդրիքսը, վիրտուոզ կիթառահար Պեպե Ռոմերոն և այլն:

«21-րդ դարի տենորներ» երաժշտական նախագծի մեջ ներառված են մոսկովյան հռչակավոր թատրոնների մեներգիչներ: 5 տարվա պատմություն ունեցող նախագիծը մասնակցել է բազմաթիվ միջազգային հռչակավոր փառատոների, ելույթ ունեցել աշխարհի ամենահայտնի բեմերում: Խումբը կատարում է ինչպես դասական և հոգևոր, այնպես էլ էստրադային և ժողովրդական երգեր: Առանձին բաժին են կազմում Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: