2 օգոստոսի 2011 - 18:41 AMT
Մայր Աթոռը հրատարակել է նոր աշխատություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել մի շարք աշխատություններ: Ս. Էջմիածնի մամլո ծառայությունից հայտնում են, որ Մայր Աթոռը վերահրատարակել է Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի «Հայոց եկեղեցական իրավունք» աշխատությունը, որն առայժմ միակ հրատարակված գործն է հայկական կանոնագիտական գրականության մեջ և նախատեսված է Հայոց եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման համար: Կարևոր այս ձեռնարկը հրատարակվել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Զգոն եպս. Տեր-Հակոբյան հիմնադրամի» կողմից:

Լույս է տեսել Ս. Ներսես Շնորհալու Նամականին (Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցություններ): Ներկա միջնադարյան նամականին` կազմված երկու մասից, ներկայացնում է 12-րդ դարի այն ժամանակաշրջանը, որում գործել են հայոց կաթողիկոսներ Գրիգորիս Գ-ը, Ս.Ներսես Շնորհալին և Գրիգորիս Դ-ը: Առաջին մասը, որի կազմողն ու նամակները նախաբանով ու ծանոթագրական պատմություններով ուղեկցողը Ներսես Լամբրոնացին է, բովանդակում է Հայ և Բյուզանդական եկեղեցիների միջև 1165-1178 թթ. շրջանում ձեռնարկված միության փորձին առնչվող վավերագրեր, իսկ երկրորդ մասը ներկայացնում է բացառապես ս. Ներսես Շնորհալու նամակները` գրված տարբեր անձանց ու այլևայլ առիթներով: Գիրքը հրատարակվել է Սարգիս Պետոյանի մեկենասությամբ: Նույն բարերարի հովանավորությամբ հրատարակվել է նաև նախածերենցյան վեց խմբագրությունների Համաբարբառ Հայսմավուրքի յոթերորդ հատորը, որը բովանդակում է հուլիս ամսին եկեղեցում ընթերցվող նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը:

Մայր Աթոռի տպարանը լույս է ընծայել նաև Մայր Աթոռի Դիվանատան աշխատակից Տ. Ադամ քահանա Մակարյանի «Քրիստոնեության իսկությունը (գիտելիքներ հավատացյալներին)» գիրքը: Աշխատության մեջ մատչելի ձևով տրվում են աստվածաբանական և եկեղեցագիտական համառոտ գիտելիքներ, որոնց հաջորդում են կյանքի տարբեր ոլորտներին առնչվող և հոգևորի հետ կապ ունեցող իրողությունների բացատրություններ և ուսուցումներ` աստվածաշնչյան մեջբերումներով, Սուրբ Հայրերի գրվածքներից, Եկեղեցու պատմությունից քաղված տեղեկություններով: Հեղինակն առանձին բաժին է նվիրել աղանդավորական ուսմունքներին ու դրանց հերքմանը, տրված են նաև հորդորակներ, որոնց նպատակն ընթերցողին հավատքի ու աստվածսիրության մեջ ամրապնդելն է: