Տիգրան Սարգսյանը տպավորված է Արցախի զինվորների ռազմական և հոգեբանական պատրաստվածության աստիճանից

Տիգրան Սարգսյանը տպավորված է Արցախի զինվորների ռազմական և հոգեբանական պատրաստվածության աստիճանից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակում այսօր` օգոստոսի 2-ի առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և կառավարական պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել ծառայողական պայմաններին: Զինծառայության ընթացքում պարտաճանաչությամբ, խիզախությամբ և անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին վարչապետը պարգևատրել է ժամացույցներով:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, մասնակցել զինվորների ռազմաուսումնական վարժանքներին: Դիմելով զինծառայողներին` վարչապետը նշել է. «Սիրելի զինվորներ, դուք պետք է հպարտ լինեք, որ այսօր ծառայում եք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում և պետք է հպարտ լինեք այն պատճառով, որ դուք հաղթանակած բանակի ներկայացուցիչներ եք: Պետք է շարունակեք այն ավանդույթները, որ արդեն իսկ դրել են ձեր ծնողները` հաղթելով Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարում: Այսօր ձեր խնդիրն է պահպանել այն նվաճումները, որ ունենք և օր օրի ավելացնել մեր բանակի մարտունակությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի դուք ունենաք բոլոր հնարավորությունները` բարձրացնելու ձեր մարտունակությունը, որպեսզի դուք կարողանաք ռազմական բարձր գիտելիքներ ունենալ և համապատասխանել ժամանակակից աշխարհի լավագույն բանակներին ներկայացվող չափանիշներին: Ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից և հավաստիացնել, որ այն, ինչ դուք այստեղ կատարում եք, հերոսական գործ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ տպավորված է զինվորների ռազմական և հոգեբանական պատրաստվածության աստիճանից: «Մենք տեսնում ենք, որ զինվորը հպարտ է, համաձակ, կազմակերպված, գիտի իր գործը, պրոֆեսիոնալ է, և այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր զինված ուժերի մարտունակության աստիճանն օր օրի ավելի է բարձրանալու: Դա ամենակարևորն է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարություններին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանց լավագույն պատասխանը մեր բանակի մարտունակության բարձրացումն է: «Այն ինչ այսօր կատարվում է հայկական զինված ուժերում, այն վառ ապացույցն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Պետք է շարունակենք համառորեն աշխատել, մեր հմտություններն ավելացնել, ինչը և այսօր տեղի է ունենում»,- ասել է վարչապետը:

Ավարտելով այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---