2 օգոստոսի 2011 - 22:06 AMT
Լևոն Տեր-Պետրոսյան. ՀԱԿ-ի և իշխանությունների միջև երկխոսությունից առայժմ շահել է միայն պետությունը

Ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև սկսված երկխոսությունն է։ Այդ մասին, ելույթ ունենալով օգոստոսի 2-ի հանրահավաքում, հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Այդ երկխոսությունից առայժմ ոչինչ չեն շահել ո'չ ՀԱԿ-ը, ո'չ իշխանությունները, ո'չ էլ ժողովուրդը»,- հայտնել է նա: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Տեր-Պետրոսյանի խոսքով, շահել է միայն պետությունը, քանի որ միջազգային հանրության շրջանում բարձրացել է Հայաստանի` որպես քաղաքակիրթ երկրի հեղինակությունը, ամրապնդվել են ՀՀ դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Նա ավելացրել է նաև, թե ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, «մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետևում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով»,- ընդգծել է ՀԱԿ-ի առաջնորդը:

Հայաստանի առաջին նախագահն ընդգծել է, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերի միջև` գործող իշխանության, որը տիրապետում է երկրի ուժային, տնտեսական, ֆինանսական, վարչական և քարոզչական ռեսուրսներին և ՀԱԿ-ի, որը վայելում է ժողովրդի վստահությունը: Նա հեգնանքով անդրադարձել է նաև իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև գործարքի լուրերին` ընդգծելով, որ Կոնգրեսը միայն մի բանի է սպասում` երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի վերաբերմունքին` նա նկատել է, որ «քաղաքական գործոն դառնում են ոչ թե խոսքով, այլ գործով»: