2 օգոստոսի 2011 - 22:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Նախկին նախագահը 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտումն ազգային արժանապատվության խնդիր է համարում

2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննության արդյունքներից կախված կլինի հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունների որակը: Այդ մասին, ելույթ ունենալով օգոստոսի 2-ի հանրահավաքում, հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, եթե գործը հասնի հերթական ընտրություններին, իսկ մինչ այդ սպանությունները բացահայտված, իսկ դրանց պատասխանատուները պատժված չլինեն, ապա «մենք ականատես ենք դառնալու հերթական կեղծված ընտրությունների»։ Այս համատեքստում ընդդիմության առաջնորդը համոզմունք է հայտնել, որ ներկա իշխանությունների օրոք այդ սպանությունները չեն բացահայտվելու և դրանց համար ոչ ոք պատասխան չի տալու` ներկայացնելով դա որպես ևս մեկ ծանրակշիռ փաստարկ հօգուտ արտահերթ ընտրությունների անցկացման։

«Ինձ համար 2008թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտումն ազգային արժանապատվության խնդիր է»,- հայտնել է Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ այդ գործը մինչև վերջ հասցնելու համար, Հայ ազգային կոնգրեսի ջանքերից բացի անհրաժեշտ է ողջ հասարակության, մանավանդ, լրագրողների ակտիվությունը, որոնք պարտավոր են օրուգիշեր իրենց հարցադրումներով ուղղակի «ռմբակոծել ՀՀ դատախազության և հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին՝ նրանց գործողությունները ժողովրդի մշտական վերահսկողության տակ պահելու նպատակով»:

ՖՈՏՈՇԱՐՔ