ՀԱԿ-ի հանրահավաքի արդյունքները. Ընդդիմության, ինչպես S դասի Մերսեդեսի համար, 40 աստիճան շոգը խոչընդոտ չէ

ՀԱԿ-ի հանրահավաքի արդյունքները. Ընդդիմության, ինչպես S դասի Մերսեդեսի համար, 40 աստիճան շոգը խոչընդոտ չէ

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը հանրահավաքով տոնեց իր ծննդյան օրը

Չնայած 40 աստիճան տաքությանը Երևանի Ազատության հրապարակում այսօր կայացել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքի մեկնարկից առաջ հրապարակի ասֆալտին ջուր են լցրել հատուկ, որպեսզի ամբոխն ավելի հեշտ դիմանա շոգին: Եվ, հնարավոր է, շոգ եղանակով էր պայմանավորված հանրահավաքի մասնակիցների բավական փոքր թիվը:

Հանրահավաքը բացել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը հայտնել է, որ «ՀԱԿ-ին չի կարող կանգնեցնել ո'չ շոգը, ո'չ կարկուտը, ո'չ էլ ձյունը»: Ընդ որում, Փաշինյանն ասել է, որ Կոնգրեսը չի մոռացել իր գլխավոր նպատակի մասին, և որ գործող իշխանությունը պետք է հեռանա: Նա նաև ժողովրդին կոչ է արել հանրահավաքով տոնել ՀԱԿ-ի ծնունդը, չնայած շոգին, ներկայացրել է Կոնգրեսի ձեռքբերումներն իր հիմնադրման օրվանից ի վեր: Դիմելով նրանց, ովքեր դժգոհ են Հայ ազգային կոնգրեսի պայքարի տեմպերից, Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ը համեմատել է Մերսեդեսի հետ` հայտնելով, որ «անգամ S դասի Մերսեդեսը չի կարող միշտ միևնույն արագությամբ շարժվել»:

Ընդդիմությունն իշխանությանը կոչ է արել զիջումների գնալ հենց հիմա

Խոսելով իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսության մասին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «դա ոչ միայն ՀԱԿ-ի, այլև Ազատության հրապարակի պատվիրակությունն է»: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ Կոնգրեսի պատվիրակությունն ուժեղ է Ազատության հրապարակի մարդկանցով:

ՀԱԿ-ի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանն իր հերթին ընդգծել է, որ բանակցությունների արդյունքները ներկայացվելու են ժողովրդին, և հանրահավաքների ժամանակ ընդդիմության հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներ են ընդունվելու: Նրա խոսքով, իշխանությունները հետագա գործողությունների երկու տարբերակ ունեն:

«Առաջին` սթափ գնահատեն իրադրությունն ու ավելի լավ է զիջումների գնան հիմա: Երկրորդ տարբերակի համաձայն, իշխանությունները զիջումների կգնան այն ժամանակ, երբ փողոցներում ՀԱԿ-ի մոբիլիզացրած հազարավոր մարդկանց տեսնեն»,- հայտնել է Զուրաբյանը: Ընդ որում, նա գտնում է, որ իշխանություններն ընտրելու են երկրորդ տարբերակը: Զուրաբյանն իշխանություններին խորհուրդ է տվել չխաղալ ժողովրդի համբերության հետ: «Լուծեք բոլոր խնդիրները երկխոսության շրջանակում, եթե չեք ցանկանում աշնանը ժողովրդական բողոքի չտեսնված ալիք տեսնել»,- հայտնել է ՀԱԿ-ի համակարգողը:

Ընդդիմությունն իշխանություններին մեղադրել է սեփական ժողովրդի ցեղասպանության մեջ

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի շրջանակում և անդրադառնալով միգրացիայի խնդրին` նշել է, որ դա Հայաստանի առանցքային խնդիրներից մեկն է: Նա հայտնել է, որ միայն 2011թ. առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 90 000 մարդ. «դա սեփական ժողովրդի ցեղասպանություն է»: Այս կապակցությամբ նա նշել է, որ եթե Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մոտ 350 հազ. հայ է զոհվել, ապա վերջին 3 տարում միգրանտների թիվն արդեն մոտենում է այդ թվին:

Ընդդիմության վերջին զգուշացումը

Վերջում ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հայտնել է, որ եթե առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում Հայաստանի իշխանությունները վերջնականապես չկողմնորոշվեն արտահերթ ընտրությունների հարցում, ապա ընդդիմությունը սպառված կհամարի բոլոր խելամիտ ժամկետները: Նրա խոսքով, այդժամ ՀԱԿ-ի օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է` Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։ «Հարկ եմ համարում շեշտել, որ սա ոչ թե վերջնագիր է, այլ ընդամենը զգուշացում։ Թեև իշխանության ներկայացուցիչները մերթընդմերթ հոխորտում են, թե մեզ թույլ չեն տա իրենց հետ վերջնագրերով խոսել, բայց վերջնագրի ժամանակն էլ կարող է գալ, որովհետև Սահմանադրությամբ դա արգելված չէ»,- հայտնել է նա:

Նա անդրադարձել է նաև 2008թ. մարտի 1-ի դեպքերին, դրանց լիարժեք բացահայտումն անվանելով «ազգային արժանապատվության» խնդիր: ՀՀ նախկին նախագահի կարծիքով, եթե գործը հասնի հերթական ընտրություններին, իսկ մինչ այդ սպանությունները բացահայտված, իսկ դրանց պատասխանատուները պատժված չլինեն, ապա «մենք ականատես ենք դառնալու հերթական կեղծված ընտրությունների»։

Խոսելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին` Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ այդ երկխոսությունից առայժմ ոչինչ չեն շահել ո'չ ՀԱԿ-ը, ո'չ իշխանությունները, ո'չ էլ ժողովուրդը, շահել է միայն պետությունը, քանի որ միջազգային հանրության շրջանում բարձրացել է Հայաստանի` որպես քաղաքակիրթ երկրի հեղինակությունը, ամրապնդվել են ՀՀ դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին... եթե ոչինչ չպատահի

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 9-ին: Հանրահավաքը սեպտեմբերի 9-ին անցկացնելու հարցը Լևոն Տեր-Պետրոսյանը ակցիայի մասնակիցների «քվեարկությանն» է առաջադրել, առաջարկն ընդունվել է:Ընդ որում, նա նշել է, որ հանրահավաքը ծրագրված է սեպտեմբերի 9-ին, եթե, իհարկե, մինչ այդ հրատապ արձագանք պահանջող որևէ արտակարգ իրադարձություն չպատահի։

Հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցներն Ազատության հրապարակում տոնում են ՀԱԿ-ի ձևավորման 3-ամյակը:

12  03.08.11 - Հայաստանի ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում - 02.8
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---