3 օգոստոսի 2011 - 15:09 AMT
ԿԱՐԾԻՔ
Թերի օրենքները թույլ չեն տալիս պատժել աղանդավորներին

«Եթե ձեր կրոնական իրավունքները ոտնահարվել են, ապա կարող եք դիմել ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սույն վարչության պետ Վարդան Ասցատրյանը` հավելելով, որ կառույցը միջնորդի դեր է կատարում կրոնական կազմակերպությունների, աղանդավորական շարժումների ու պետական մարմինների միջև, սակայն կոնկրետ որևէ քայլ ձեռնարկելու իրավասություններ չունի:

Բանախոսը նշեց, որ եթե գրանցվում է որևէ անօրինական, հակասահմանադրական քայլ, ապա իրենք միջնորդում են համապատասխան վերահսկիչ մարմիններին հարցը բարձրացնելու համար: Քաղաքացիները իրենց կրոնական իրավունքների ոտնահարման դեպքում կարող են դիմել կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն, որը գործը կհանձնի դատարան կամ արդարադատության նախարարություն:

Իսկ մի՞թե քաղաքացին չի կարող անձամբ դիմել դատարան: Այս դեպքում անհասկանալի է դառնում տվյալ վարչության գոյության անհրաժեշտությունը: Կամ էլ այն անհրաժեշտ է միայն կրոնական կառույցներին:

Կա ևս մեկ հարց` ո՞րն է համարվում կրոնական իրավունքի ոտնահարում կամ հոգեորսություն: «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածը ասում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը»: Սակայն, օրենքը չի տալիս եզրույթի սահմանումը:

«Հոգեորսությունը ուղիղ սահմանում չունի, բայց վճիռը կայացնում է համապատասխան մարմինը` դատարանը»,- ասաց Ասցատրյանը:

Այսինքն` մենք գիտենք, որ կա հոգեորսություն երևույթ ու որ այն քրեորեն պատժելի է, բայց որի համար չկա սահմանում ու նաև չկա սահմանված պատիժ:

«Անհեթեթ վիճակ է, և օրենքն ըստ էության չի կիրառվում, քանի որ չկան իրավական հետևանքներ, սահմանված պատիժներ»,- ասաց բանախոսը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News