«Արաքսը» Սպահանի հայոց թեմին «խորհուրդ է տալիս» չլռել Սբ. Ամենափրկիչ վանքից թալանված սրբապատկերների մասին

PanARMENIAN.Net - Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթը Սպահանի ՀԹ Թեմական խորհրդին զգուշացնում է, որ ձեռնամուխ է լինելու Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանից թալանված սրբապատկերների գործի հետ կապված նոր բացահայտումներ կատարելուն:

«Մենք կրկին անգամ զգաստության ենք հրավիրում Սպահանի ՀԹ Թեմական խորհրդին, որ ստաձնի իր պատասխանատվությունը կատարվածի նկատմամբ, իսկ, հակառակ դեպքում, եթե շարունակի այս անընդունելի ձգձգումն ու անարդարանալի լռությունը, որը համազոր է կատարվածի քողարկման հետ, հարկադրված ձեռնամուխ ենք լինելու կատարված խայտառակության նկատմամբ նոր բացահայտումներ կատարելու, որից հետո Սպահանի ՀԹ Թեմական խորհրդի անդամների ներկայի լռության նկատմամբ հասարակությունը կտա իր վերջնական գնահատականը»,- գրում է թերթը:

«Արաքսը» բարձրացնում է հետևյալ հարցերը. «Քանի՞ թանգարանային նմուշ է թալանվել վանքից, որից մի քանի նմուշները միայն հայտնվել են անգլիական աճուրդում և արդյո՞ք իրավապահ մարմինները տեղյակ են պահվել թալանի մասին, իսկ եթե ոչ, ինչո՞ւ»:

Ավելի վաղ «Արաքս» շաբաթաթերթը հայտնել էր, որ հուլիսի 9-ին Սպահանի հայոց թեմի թեմական խորհուրդը ուշացումով հանդես էր եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ ասվում էր, որ թեմը տեղյակ է Անգլիայում աճուրդի դրված Սբ. Ամենափրկիչ վանքի թանգարանի ձեռագրերից առանձին մանրանկարչության էջերի մասին: Թերթը, մասնավորապես, մեջբերել էր խորհուրդի անդամների խոսքերը. «Առ այդ` հարցը խորհրդապահական ձևով հետապնդում էինք` հանցագործին ի հայտ բերելու, գործընթացը չվնասելու նպատակով, և ներկա փուլում ստուգվում են հանգամանքները` ձեռագրի էջերը վերադարձնելու նպատակով»։

Նրանք նաև դիմել էին հայերին, որպեսզի անհիմն մեկնաբանություններից խուսափեն և վստահ լինեն, որ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինները առաջնորդ սրբազան հոր գլխավորությամբ նախանձախնդիր են և այս հարցը հետապնդելու են մինչև բարվոք լուծում։

«Ավելացնենք նաև, որ վերոնշյալ հաղորդագրության հեղինակները աշխատել են հանցագործին «խորհրդապահական ձևով» հետապնդելու անհիմն բացատրությամբ արդարացնել իրենց` Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի երկար և անհասկանալի լռությունը և, ինչու չէ, նաև մեղսակցությունն այս գործում», - գրում էր թերթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---