3 օգոստոսի 2011 - 16:56 AMT
Եգիպտոսում պահանջում են Մուբարաքին մահապատժի ենթարկել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատավարության ժամանակ պետական դատախազը պահանջել է պետության նախկին ղեկավարին մահապատժի դատապարտել, հաղորդում է եգիպտական հեռուստատեսությունը: Չորեքշաբթի օրը Կահիրեում մեկնարկել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ դատավարությունը, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:

Նա մեղադրվում է խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության, ինչպես նաև կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ: Հոսնի Մուբարաքն ինքն ու նրա որդիներ Ալյան ու Գամալը հերքում են իրենց հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ես հերքում եմ այդ բոլոր մեղադրանքները»,- ասել է Եգիպտոսի նախկին նախագահը:

Ավելի վաղ դատախազն ընթերցել էր պետության նախկին ղեկավարին և նրա որդիներին առաջադրված մեղադրանքները: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Եգիպտոսում ժողովրդական հուզումների արդյունքում ավելի քան 800 մարդ զոհվեց և մոտ վեց հազարը վիրավորվեց: Փետրվարի 11-ին նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց: