«Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմի պրեմիերան կկայանա ԱՄՆ-ում Ծննդյան տոների օրերին

«Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմի պրեմիերան կկայանա ԱՄՆ-ում Ծննդյան տոների օրերին

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորել և գտնվել է Հայաստանում» ֆիլմի պրեմիերան կայանալու է ԱՄՆ-ում Ծննդյան տոների օրերին, հայտնում է Asbarez-ը: Ֆիլմի մի մասը նկարահանվել է ԱՄՆ-ում, մյուս մասը Հայաստանում: Ֆիլմի հայաստանյան նկարահանումները մեկնարկել էին հունիսի 6-ին և ավարտվել օրերս:

Սիրային կատակերգությունը պատմում է ամերիկացի երիտասարդի մասին, որին լքել է ընկերուհին: Ընկերները տանում են նրան Թուրքիա հանգստանալու: Հանգստի ընթացքում, երբ հերոսը որոշում է օդապարիկով զբաղվել էքստրեմալ ժամանցով, ջրային մոտոցիկլետից պոկվում է պարանը և հերոսը վերև է թռչում: Օդում նրա պարանը փաթաթվում է ինքնաթիռին և արդյունքում, երբ պարանը պոկվում է, նա հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Հերոսը, կարծելով, որ Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, հայերն էլ նրան թշնամու տեղ են դնում:

Ռոմանտիկ կատակերգության բուն իմաստն, ըստ ռեժիսորի, այն է, որ այն մարդը, ով թշնամի է թվում, կարող է մարդու լավագույն բարեկամը դառնալ: Աշխատանքային գործընթացը սկսվել է հունվար ամսին: Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Մաքքեֆրին ասաց, որ ֆիլմը որոշ չափով անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության հարցին, սակայն դա չէ ֆիլմում կարևորը: Ֆիլմի մյուս պրոդյուսերն է Մարալ Ջերեջյանը: Նա նշեց, որ ֆիլմը կներկայացվի զանազան կինոփառատոնների:

Ֆիլմում խաղում են հոլիվուդյան դերասաններ Ջեմի Քեննեդին, Դեյվ Շերիդանը, Անժելա Սարաֆյանը, Մուրիսա Հարբան, ինչպես նաև Դավիթ Թովմասյանը, Վաչիկ Մանգասարյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը և այլոք:

Ֆիլմը նկարահանել է ամերիկյան «Red Tie» կինոստուդիան, տևողությունը` 1 ժամ 40 րոպե է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---