Վրաստանի ուղղափառների ժողովն իշխանությանն է դիմել այլ դավանանքներին իրավական կարգավիճակ տրամադրելու առթիվ

Վրաստանի ուղղափառների ժողովն իշխանությանն է դիմել այլ դավանանքներին իրավական կարգավիճակ տրամադրելու առթիվ

PanARMENIAN.Net - Վրաստանի ուղղափառների ժողովը երկրի նախագահին ու խորհրդարանին է դիմել երեք պահանջով, որոնցից մեկը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակին: Ինչպես հաղորդում է Մեդիանյուս գործակալությունը, ուղղափառների ժողովն իշխանությունից պահանջում է, որպեսզի վրացական ուղղափառ եկեղեցու կարգավիճակն ու արտոնությունները ճանաչվեն նաև այլ երկրների կողմից, մասնավորապես` Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Եվրոպայում, որոնց եկեղեցիները Վրաստանում օժտված են կարգավիճակով և առանձնահատուկ արտոնություններ ունեն, վրացական հին և նոր եկեղեցիները նույնպիսի իրավունքներ պետք է ստանան: «Հակառակ դեպքում այլ դավանանքներին իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին միակողմանի ընդունված օրենքը պետք է հրատապ կերպով չեղյալ հայտարարվի` որպես կեղծ ժողովրդավարական օրենք, որը վարկաբեկում է Ուղղափառ եկեղեցին և ոտնահարում ուղղափառ քրիստոնյաների իրավունքները»,- ասվում է ուղերձում: Պետք է ուսումնասիրվի նաև, թե արդյոք այլ կրոնական դավանանքների գործունեությունը չի հակասում Վրաստանի շահերին և երկրի ավանդույթներին:

Ուղղափառների ժողովի երկրորդ պահանջը վերաբերում է Վրաստանում էլեկտրոնային ID փաստաթղթերի տրամադրմանը` էլեկտրոնային կառավարման մասին Վրաստանում ընդունված օրինագծի հիման վրա: Ժողովն իշխանությանն է դիմում հիշատակված էլեկտրոնային փաստաթղթերը` «որպես մարդուն վերահսկող և նրա իրավունքները ոտնահարող փաստաթղթեր» չեղյալ հայտարարելու պահանջով: Ժողովը նաև իշխանությունից պահանջում է, որպեսզի Փրկչի «Անչիսխաթի» հրաշագործ անձեռակերտ սրբապատկերը վերադառնա տաճար և կարգադրություն արձակվի «սրբապատկերը թանգարանային գերությունից ազատելու մասին»:

Ուղղափառների ժողովի հայտարարության համաձայն, եթե սեպտեմբերին այդ պահանջները չկատարվեն, նրանք իշխանությանը կճանաչեն որպես ուղղափառների վարկաբեկման հաշվին այլ կրոններին աջակցող կառավարություն: Նրանք իշխանությանը դիմելու խնդրանք են առաջադրել Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին և հոգևոր անձանց:

Վրաստանի խորհրդարանն հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն 5 կրոնական միավորումների շնորհվում է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու են Հայ Առաքելական եկեղեցին, Հռոմի կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական համայնքը, հուդայական համայնքը և Վրաստանի Բապտիստական եկեղեցին:

Հասարակական իրավունքով իրավաբանական անձը կազմակերպություն է, որն անկախ պետական հսկողությունից իրականացնում է քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային կամ այլ հասարակական գործունեություն: Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը վաղուց է գտնվում հայ-վրացական հարաբերությունների օրակարգում: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի` Վրաստան կատարած հայրապետական այցի շրջանակում վրացական կողմն առաջարկել էր Վրաց Ուղղափառ եկեղեցուն Հայաստանում նույն իրավունքները շնորհել, ինչ ՀԱԵ-ին Վրաստանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---