Տիգրան Քոչարյան. Ադրբեջանական հասարակությունը հիվանդ է հայատյացությամբ

Տիգրան Քոչարյան. Ադրբեջանական հասարակությունը հիվանդ է հայատյացությամբ

PanARMENIAN.Net - Հայատյացությունը միավորող գործոն է դարձել ադրբեջանական հասարակության մեջ, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը: «Ցավոք, նման երևույթ դիտվում է ադրբեջանական հասարակության նաև այն հատվածում, որը կարելի է մտավորական անվանել»,- նշել է նա: Քոչարյանի խոսքով, ադրբեջանական հասարակությունը հիվանդ է, «եթե արդեն մտավորականներն են սովորական կենցաղային ազգայնականության անցել»: Մեկնաբանելով վերջերս Բաթումում տեղի ունեցած Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնության ժամանակ տեղ գտած սկանդալը` նա նշել է, որ «մենք գալիս ենք խաղալու, իսկ նրանք գալիս են իրենց բարդույթները, իրենց խնդիրները լուծելու»: Նա նկատել է, որ ադրբեջանցիներն այնպես են տոնում իրենց հաղթանակները, կարծես Ստեփանակերտ կամ Շուշի են մտել: «Դա արդեն ծիծաղելի է: Սա խաղ է: Հաղթեցիր խաղում` կեցցես: Մենք ինքներս կմոտենանք և կշնորհավորենք քեզ»,- ասել է Քոչարյանը:

Ինչ վերաբերում է շապիկների հետ կապված սկանդալին, ապա Քոչարյանը հումորով նկատել է, որ «կարելի է ասել, որ «շապիկային» պատերազմում հայկական կողմը ոչինչ չզիջեց: Մենք մեր շապիկներով խաղացինք, իսկ նրանք` ոչ»: «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահն առանձնակի նշել է այդ հարցում պետության, մասնավորապես` ԱԳՆ աջակցությունը:

Տիգրան Քոչարյանը նշել է նաև, որ Ադրբեջանը այժմ բավական մեծ միջոցներ է ներդնում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ»-ի մեջ, ինչի վկայությունն ադրբեջանցի գիտակների ներկայացուցչությունն է Գիտակների էլիտար ակումբում: «Նրանց պետության համար թիվ 1 նպատակը ռուսական հասարակության մեջ ադրբեջանցիների մասին պատկերացման փոփոխությունն է: Որպեսզի, կոպիտ ասած, կանաչի վաճառողի կերպարից անցնեն էլիտարին: Եվ այդ հարցում նրանք լուրջ հաջողությունների են հասել»,- հայտնել է «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահը:

Հուլիսի 29-31-ը Բաթումում (Վրաստան) տեղի ունեցած Ինտելեկտուալ խաղերի Հարավային Կովկասի 13-րդ առաջնությունն ավարտվեց սկանդալով: Ադրբեջանական պատվիրակությունը, տեսնելով, որ հայկական թիմերից մեկի («ԴԱՖ») շապիկների վրա պատկերված է նրանց հովանավոր «Արցախ-Ալկո» ընկերության գովազդը, առաջնության առաջին իսկ օրվանից սկսեցին բողոքներով դիմել կազմակերպիչներին՝ պահանջելով արգելել հայկական թիմին ելույթ ունենալ այդ շապիկներով:

Մինչդեռ, «ԴԱՖ»-ը ազատ ելույթ է ունեցել այդ նույն շապիկներով նախորդ աշնանն Իսրայելում կայացած աշխարհի առաջնությունում և այն ժամանակ նման պահանջներ չեն եղել»: Երբ կազմակերպիչներն առաջարկեցին պատվիրակություններին քաղաքականությամբ չզբաղվել և շարունակել խաղը, ադրբեջանական պատվիրակյութան մի մասը հայտնի գիտակ Բալաշ Կասումովի գլխավորությամբ հուլիսի 31-ին դուրս եկան «բրեյն-ռինգի» սադրիչ շապիկներով, որոնց վրա գրառում կար. «Հայաստանի Հանրապետության տարածքը Ադրբեջանին պատկանելու մասին՝ Էրիվանի խանություն»: Հայկական պատվիրակության բողոքի և կազմակերպիչների հետ տևական բանակցությունների արդյունքում կազմակերպիչները ստիպված էին չեղյալ հայտարարել «բռեյն-ռինգը»: Բացի դրանից, հայկական պատվիրակությունը` ի դեմս 14 թիմերի կապիտանների, որոնք մասնակցում էին առաջնությանը, միաձայն որոշեց լքել առաջնությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---