Ծննդատներում կանայք վատանում են շոգից, բայց հիվանդանոցներում դա չեն խոստովանում

Ծննդատներում կանայք վատանում են շոգից, բայց հիվանդանոցներում դա չեն խոստովանում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակում է պահպանվել 40 աստիճան շոգը, ինչի արդյունքում սկսել են շրջանառվել վաղաժամ ծննդաբերությունների թվի կրտուկ աճի մասին լուրեր: Նաև հասարակության մեջ ակտիվացել են բողոքները նման ջերմաստիճանի պայմաններում հիվանդանոցներում` հատկապես ծննդատան հիվանդասենյակներում, հովացման համակարգերի ու օդորակիչների բացակայության հետ կապված: Աղմուկը մասնավորապես «Մարգարյան» հիվանդանոցի շուրջ է, որտեղ, ըստ լուրերի, վճարովի հիվանդասենյակներում օդորակիչներ կան, իսկ անվճարներում` ոչ: Անվճար հիվանդասենյակներից նոր ծննդաբերած կանանց, շոգին չդիմանալու պատճառով, ստիպված տեղափոխել են թափուր մնացած վճարովի հիվանդասենյակներ:

PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց պարզել` արդյոք տվյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե` ոչ: Մարգարյան հիվանդանոցի քարտուղարուհին հեռախոսազրույցի ժամանակ նշեց, որ օդորակիչներ կան, բայց ոչ բոլոր հիվանդասենյակներում, իսկ թե ինչ սկզբունքով են դրանք տեղաբաշխված, դժվարացավ պատասխանել: Նույն հիվանդանոցի ծնարանից պատասխանեցին, որ իրենց բոլոր ծնարաններում ու հիվանդասենյակներում կան օդորակիչներ, ու նման խնդիրներ առաջանալ չէին կարող: Իսկ ծնելիության աճի մակարդակի մասին տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ տվեցին խոսել գլխավոր բժիշկի կամ տնօրենի հետ: Քարտուղարուհուն նորից զանգելուց հետո պարզվեց, որ գլխավոր բժիշկը արձակուրդում է, իսկ տնօրենն էլ չի կարող պատասխանել, քանի որ վիրահատարանում է:

Մեկ այլ` Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ չի տիրապետում շոգի հետ կապված ծնելիության մակարդակի աճի մասին վիճակագրական տվյալների: «Ես բոլորի հետ էլ կապ ունեմ, ու այդպիսի բան առաջին անգամ եմ լսում: Չգիտեմ` որտեղից եք այդ տվյալները վերցրել»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հիվանդասենյակներում կան օդորակիչներ, թե ոչ և հատկապես որ հիվանդասենյակներում` վճարովի, թե անվճար, Աբրահամյանն ասաց. «Դա մեկ օրվա գործ չէ: Դրված չի, որ մենք էլ գնանք վերցնենք, բերենք, տեղադրենք,- ու հավելեց,- Չկա մի հիվանդանոց, ծննդատուն, որ ունենա 200 պալատ, և 200-ում էլ օդորակիչ լինի: Որտեղ հնարավոր է, կա` ծնարաններում, հիվանդասենյակներում”:

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանից էլ պատասխանեցին, որ իրենց բոլոր` և′ վճարովի, և′ անվճար, հիվանդասենյակներում կան օդորակիչներ: Իսկ ծննդաբերությունների աճի հետ կապված պատասխան այդպես էլ չստացանք, քանի որ ինչպես «Մարգարյան» հիվանդանոցի դեպքում էր, բժիշկը կրկին վիրահատարանում էր: Բժիշկների այս չափ ծանրաբեռնվածությունից կարելի է ենթադրել, որ ծննդաբերությունների թվի ավելացման մասին լուրերն այնքան էլ անհիմն չէին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---