6 օգոստոսի 2011 - 11:28 AMT
Հայաստանի սննդի ապահովությունը կերաշխավորեն ևս 22 նոր փորձագետներ

Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանն ու Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին օգոստոսի 5-ին Իտալիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ ավարտական վկայականներ են հանձնել Իտալիայի գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորմամբ կազմակերպված «Սննդի ապահովությանն» ուղղված ամառային դպրոցի շրջանավարտներին:

«Այս տարի ստեղծվեց Սննդամթերքի անվտանգության ծառայությունը, որի համար անհրաժեշտ է բարձր որակավորումով մարդկային ռեսուրս: Այսպիսի ծրագրերը նպաստում են այդ ռեսուրսի ձևավորմանը: Հուսով եմ ու վստահ, որ ծրագիրն ու համագործակցությունը կլինեն շարունակական»,- ասել է փոխնախարար Արմեն Պողոսյանը:

Դեսպան Բրունո Սկապինին կարևորել է ծրագիրը` շեշտելով, որ բարձրորակ ու անվտանգ սնունդը լավ կյանքի անբաժանելի մասը պետք է կազմի. «Սա ոչ միայն սննդին է վերաբերում, այլև մշակույթին: Անվտանգ սնունդը պետք է մշակույթի անքակտելի մասը լինի»:

Տուշայի համալսարանի հետ համատեղ կազմակերպված դասընթացին մասնակցել է 22 ուսանող Գիտությունների ազգային ակադեմիայից, Երևանի պետական համալսարանից, գյուղատնտեսության նախարարությունից, էկոկենտրոնից:

«Ծրագրի շրջանակում եղել եմ Իտալիայում, ծանոթացել սննդի անվտանգության մեծ համակարգին` ինչպես է կազմակերպվում, աշխատում, ինչ պետք է իմանալ և ինչ պետք է կազմակերպել: Այս ամառային դպրոցի շրջանակում հանդես էի գալիս և' որպես դասախոս, և' որպես ուսանող»,- ծրագրի մասին պատմել է ուսանողներից Օլգա Բելաևան` հավելելով, որ սովորելու բան միշտ էլ կա: