6 օգոստոսի 2011 - 13:58 AMT
Հայկական մոթալ պանիրն ու շալախ ծիրանը ընդգրկվել են սննդամթերքի «կարմիր գրքում»

Իտալական Slow Food հիմնադրամի շրջանակներում կազմակերպված Terra Madre ծրագրի շուրջ 80 մասնակիցներին այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում հանձնվեցին մասնակցության վկայականներ:

«Terra Madre-ն շրջում է աշխարհով մեկ, միավորում է մարդկանց, գնահատում է սնունդն ու գյուղատնտեսական արտադրանքը` որպես մշակութային ժառանգություն: Այս և նման այլ միջոցառումներն ընդգծում են գյուղատնտեսության նշանակությունը բոլորիս համար»,- ասաց Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին` հավելելով, որ գյուղատնտեսությունը Հայաստանն ու Իտալիան կապող օղակներից մեկն է:

Slow Food հիմնադրամը ստեղծվել է 25 տարի առաջ Իտալիայում ի հակակշիռ Fast Food-ի և տարածվել աշխարհով մեկ: Այն քարոզում է առողջ սնունդ և ազգային ուտեստների պահպանում:

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի խոսքով` այս միջոցառումը կնպաստի համալսարանում սնունդին առնչվող տասը մասնագիտությունների կատարելագործմանը և ստացված գիտելիքները կներառվեն ուսումնական ծրագրերում:

«Terra Madre-ն Slow Food հիմնադրամի նախագծերից մեկն է, որի նպատակն է խրախուսել կենսաբազմազանության, ավանդական ուտեստների պահպանումը և զարգացումը, ինչպես նաև` էկոտուրիզմը»,- ասաց Հայաստանում Slow Food հիմնադրամի ներկայացուցիչ Ռուսլան Թորոսյանը: Նա նշեց, որ հայկական երկու սննդատեսակ` այծի կաթից պատրաստվող մոթալ պանիրն ու շալախ ծիրանը ընդգրկվել են «Համի տապան» ցանկում, որտեղ ներառված են արդեն իսկ ոչնչացված կամ ոչնչացման եզրին գտնվող կերակուրներն ամբողջ աշխարհից:

«Հայկական մոթալ պանիրը, ֆրանսիական ռոկֆորի ու իտալական պարմեզանի հետ միասին, Իտալիայում անցկացովղ Terra Madre մեծ հավաքի ժամանակ ստացել է բարձրակարգ պանրի կոչում»,- մանրամասնեց կազմակերպիչներից Տաթևիկ Թորոսյանը: Նա հավելեց, որ դրանից հետո փորձ է արվել սկսել տվյալ պանրի արտահանում, սակայն արտահանման համար Հայաստանում առկա ոչ բարենպաստ պայմանները թույլ չեն տալիս իրականացնել նախագիծը:

«Հարկերն այնքան բարձր են, որ եթե արտահանենք, ստիպված կլինենք ինքնարժեքից 3 անգամ թանկ վաճառել»,- ասաց Տաթևիկ Թորոսյանը:

Slow Food-ի մեկ այլ նախագծի`«Մարկո Պոլոյի» շրջանակներում փորձ է արվում բացահայտել, թե որքանով է մարդու բնակավայրն ու գենետիկան ազդում նրա համային ու հոտային ընկալումների վրա:Այդ նպատակով մասնագետներն անցնելու են Մետաքսի ճանապարհով և գենետիկ թեստերով բացահայտելու են կապը: Նման թեստեր իտալացի մասնագետներն անցկացրել են նաև Հայաստանի տարբեր մարզերում:

Այսօր տեղի ունեցած միջոցառման ընթացքում մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու վերոնշյալ մոթալ պանիրը, որը մատուցվում է կճուճներով, ինչպես նաև հայկական տնական գաթա և այլ քաղցրավենիքներ