6 օգոստոսի 2011 - 13:59 AMT
Ծառ տնկեք, ոչ թե շենք. Արմավիրի այգում շարունակվում են ծառահատումները

«Ծառ տնկեք, ոչ թե շենք», «Բնություն ենք ուզում», «Այգին մեզ, բանկը ձեզ» և այլ կարգախոսներ պարզած երկու տասնյակ ակտիվիստներ այսօր Արմավիրի քաղաքային այգում պահանջում էին դադարեցնել շինարարական աշխատանքներն ու այգին վերադարձնել քաղաքացիներին: Արդեն 3 ամիս շարունակվող շինարարական աշխատանքները, որոնք զուգորդվում են ծառահատումներով, մեծապես վնասել են այգու ընդհանուր տեսքին ու ամբողջականությանը:

Ակցիայի մասնակիցները համապատասխան նամակներով դիմել են բնապահպանության և քաղաքաշինության նախարարություններ, Արմավիրի քաղաքապետարան և այլ կառույցների` պահանջելով դադարեցնել շինարարությունը: Պատասխան ստացել են միայն Արմավիրի քաղաքապետարանից, որտեղ ասվում է, թե «ամեն ինչ օրենքի սահմաններում է արվում»:

«Մենք պահանջում ենք, որպեսզի դադարեցնեն շինարարական աշխատանքները քաղաքային այգու տարածքում: Արդեն իսկ մեծ վնաս է հասցվել այգուն, և չենք ուզում որ շարունակեն վնասել»,- ասաց ակցիայի մասնակիցներից Հասմիկը PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում:

Ակցիայից հետո ակտիվիստներին է մոտեցել քաղաքացիական համազգեստով ոստիկան, փորձել է պարզել, թե ովքեր են և ինչ են ուզում, որից հետո հեռացել է: