8 օգոստոսի 2011 - 18:26 AMT
Ղարաբաղը կդառնա Մեդվեդև-Ալիև զրույցի հիմնական թեմաներից մեկը

Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Դմիտրի Մեդվեդևը Սոչիում երեքշաբթի կքննարկեն ղարաբաղյան կարգավորմանն ու Կասպից ծովի իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Ինչպես լրագրողներին են հայտնել ՌԴ նախագահի մամլո ծառայությունում, Ալիևը կայցելի Ռուսաստան աշխատանքային այցով ՌԴ նախագահի հրավերով:

«Հանդիպման ժամանակ երկու նախագահները կարծիքներ կփոխանակեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների առանցքային հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային օրակարագի արդի հարցերի շուրջ, առաջին հերթին ղարաբաղյան կարգավորման շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կրեմլում հիշեցրեցին, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները կանոնավոր կերպով հանդիպում են եռակողմ՝ Հայաստանի նախագահի մասնակցությամբ, հանդիպումների ժամանակ: Վերջին նման հանդիպումը տեղի է ունեցել Կազանում հունիսի 24-ին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Դմիտրի Մեդվեդևը, հավանաբար, կհանդիպի Ղազախստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: