8 օգոստոսի 2011 - 18:43 AMT
Ուշիում պաստերելյոզի համաճարակից կովեր են սատկում, իսկ գյուղնախարարությունում դա հերքում են

Արագածոտնի մարզի Ուշի գյուղում բռնկվել և արդեն 6-րդ օրն է շարունակվում է պաստերելյոզի համաճարակը, որից արդեն իսկ գյուղացիների տվյալներով սատկել է երեսուն կով: Գյուղի բնակիչներն ահազանգում են, որ տերերը սատկած կովերին մորթում են և ուղարկում Էջմիածնի ու Երևանի շուկաներ: Գյուղացիները նշում են, որ սեփական ուժերով են պայքարում համաճարակի դեմ, և որ մինչ օրս ոչ մի անասնաբուժ կամ համաճարակաբան Ուշի չի այցելել:

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից PanARMENIAN.Net-ին ասացին, որ մամուլի հրապարակումներին արձագանքելով, խումբ են ուղարկել Ուշի` տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

«Մենք տվյալ տարածք պատվաստանյութ էինք ուղարկել, և կարծում եմ` գլխաքանակի անկման թիվը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը` խոստանալով ամբողջական տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ:

Երեք ժամ անց PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ առաջին ահազանգը ստացվել է օգոստոսի 2-ին: «Նույն օրը խումբ ենք ուղարկել: Բերվել է 2 փորձանմուշ, ինչից պարզ է դարձել, որ պաստերելյոզ է»,- ասաց Բաբկեն Պիպոյանը` հավելելով, որ օգոստոսի 2-ից մինչ օրս պաշտոնապես գլխաքանակի անկում չի գրանցվել:

Պատասխանելով հարցին, թե արդյոք միսն իրացվում է Երևանի շուկաներում, Պիպոյանն ասաց. «Քայլեր ենք ձեռնարկելու, անցկացնելու ենք հետաքննություն, բայց հավանաբար գյուղացիներն այդ միսը մեքենաներով իրացրել են շրջակա գյուղերում և Երևան չեն հասցրել, քանի որ երևանյան շուկա մտնելուց առաջ միսը պետք է ստուգեր անասնաբուժը: Իսկ անասնաբույժը եթե ստուգեր, թույլ չէր տա այդ միսը վաճառել»:

Խոսելով այն մասին, թե որքանով է վարակված կենդանու միսը վտանգավոր մարդու համար, Պիպոյանը նշեց. «Վտանգավոր է, բայց շատ վտանգավոր չէ»:

Պաստերելյոզը տարածված է ողջ աշխարհում: Հիվանդությամբ կարող են վարակվել ինչպես ընտանի կենդանիներն ու թռչունները, այդպես էլ մարդը: Հարուցիչը Pasteurella multocida-ն է, որը փոքր, ոչ շարժունակ բակտերիա է: Հիվանդության ընթացքը կարող է լինել գերսուր, սուր, միջին սրության և խրոնիկ: Այն վնասում է ներքին օրգանները, և համապատասխան բուժում չստանալու դեպքում կենդանին կարող է սատկել: