
Մայրաքաղաքում ընթացքի մեջ են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է, որ վարչական շրջաններում գույքագրվում և ուսումնասիրվում են Երևան քաղաքի փողոցներում, պողոտաներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված տաղավարների, կրպակների և ժամանակավոր այլ շինությունների թվաքանակի կրճատման, դրանց հետագա գործունեության նպատակահարմարության և օրինականության հարցերը: Կատարվում են փուլային ապամոնտաժման աշխատանքներ, որի նպատակն է մայրաքաղաքն ազատել տարերայնորեն տեղադրված ժամանակավոր շինություններից:
Սկզբնական փուլում ապամոնտաժվել են չգործող ժամանակավոր շինությունները: Այժմ քննարկվում է Երևանի կենտրոնական փողոցներում և պողոտաներում տեղակայված ժամանակավոր այն շինությունների տեղակայման հարցը, որոնք չունեն իրավական հիմքեր կամ վարձակալության ժամկետներն ավարտվել են: Վարձակալության ժամկետները չլրացած վարձակալության պայմանագրերի դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ: