8 օգոստոսի 2011 - 19:14 AMT
Քիք-բռնցքամարտիկ Վարդան Մնացականյանը 3 մարզիկների հետ կմասնակցի WUFC WORLD տիտղոսի համար մրցաշարին

Հայ քիք-բռնցքամարտիկ Վարդան Մնացականյանը պայմանագիր է ստորագրել, որի համաձայն օգոստոսի 27-ին պորտուգալական Վիսեու քաղաքում կմասնակցի WUFC WORLD տիտղոսի համար K-1 առաջնությանը:

«Առաջնությանը ևս երեք մարզիկներ են հայտագրվել, և մենք միմյանց հետ մրցելով օրվա ընթացքում կորոշենք հաղթողին: Առաջնությունը կկայանա մինչև 63կգ քաշային կարգում: Իմ մրցակիցները կլինեն Լուիս Նևեսը Պորտուգալիայից, ռուսաստանյան մարզիկ Ռուստամ Աբակարովը և Մագոմեդ Գաջիևը Դաղստանից: Մենամարտից մեկ օր առաջ կկայանա կշռումը, այնուհետև ես կիմանամ իմ մրցակցի անունը»,- ասել է Մնացականյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Մինչ այդ` օգոստոսի 13-ին, Բենիդորմում (Իսպանիա) հայազգի մարզիկը, որը բնակվում և մարզվում է Իսպանիայում, սակայն ներկայացնում է Հայաստանը, մենամարտ կանցկացնի Պորտուգալիայի եռակի չեմպիոն Ռուբեն Ալմեյդայի հետ:

Մնացականյանը մենամարտ էր ծրագրել նաև այս տարվա նոյեմբերի 12-ին WFCA չեմպիոնական գոտու համար Պեդրո Ֆելիպեի հետ. «Սակայն ինձ հետ կապ էին հաստատել Հայաստանից, և չի բացառվում, որ Հայաստանում նույնպես կկայանա իմ մենամարտերից մեկը»: