8 օգոստոսի 2011 - 21:21 AMT
Ալեքսեյ Վլասով. Տեղեկատվություն կա, որ Բաքուն համաձայնել է Ղարաբաղի վերաբերյալ Մեդվեդևի առաջարկներին

Օգոստոսի 9-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ՄՊՀ հետխորհրդային տարածքի ուսումնասիրման տեղեկատվա-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովի խոսքով, «տեղեկատվություն կա, որ ադրբեջանական կողմը համաձայնել է այն դրույթներին, որոնք արձանագրված են Մեդվեդևի նամակում: Իսկ թե ինչ է նրա ուղերձին պատասխանել Սարգսյանը, հայտնի չէ»: Ուստի, գտնում է Վլասովը, ՌԴ նախագահն առաջինը հանդիպում է իր ադրբեջանական պաշտոնակցի հետ, այլ ոչ թե հայկական:

Քաղաքագետի խոսքով, ավելի վաղ ասվել էր, որ հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա միայն այն բանից հետո, երբ Մոսկվան երաշխիքներ ստանա, որ հակամարտության բոլոր կողմերը պատրաստ են ստորագրել այն փաստաթղթի տակ, որը ծրագրվում էր ստորագրել Կազանում: Եթե բանակցություններն Ալիևի հետ հաջող անցնեն, հաջորդ քայլը, ըստ քաղաքական գործընթացի տրամաբանության, պետք է դառնա Մեդվեդևի և Սարգսյանի հանդիպումը: Դրան կհաջորդի եռակողմ հանդիպում օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին և ճշտված ու մոդիֆիկացված «ճանապարհային քարտեզի» ստորագրում: «Եթե իրերի դրությունն այդպիսին է, ապա կարելի է ասել, որ կողմերը բանակցային գործընթացի նոր շրջան են մտնում»,- ամփոփել է Վլասովը, հաղորդում է «Մոսկովսկիե նովոստի»-ն:

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի օրը Սոչիում կայանալիք բանակցությունների ժամանակ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցերը:

Ենթադրվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Դմիտրի Մեդվեդևը կհանդիպի օգոստոսի 12-ին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին: