9 օգոստոսի 2011 - 10:53 AMT
Երկաթուղու էլցանցի գանձապահից փորձել են 38 մլն դրամ հափշտակել

Օգոստոսի 8-ին ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանների հետ Խաղաղ Դոնի 19 շենքի 12-րդ մուտքի մոտ քաղաքացիների եւ նախկին ոստիկանության աշխատակիցների օգնությամբ ավազակային հարձակում կատարելու պահին ձերբակալեցին 2 անձի։ Նշված շենքը Էրեբունի զանգվածում ավելի հայտնի է իբրեւ «Զոքանչի լեզու»: Ինչպես հաղորդել է «Արմենիա» հեռուստաընկերությունը, հանցանքի վայրում վնասազերծված անձինք են նախկինում դատված 26-ամյա Արամ Բարսեղյանը եւ 33-ամյա «Մանախ» մականվամբ Արմեն Վարդանյանը։

Նրանք հրազենով եւ դանակով զինված հենց շենքի մուտքի մոտ փորձել են ավազակային հարձակման միջոցով 63-ամյա Նադյա Շահինյանից հափշտակել նրա մոտ եղած 38 մլն դրամը։ Նադյա Շահինյանը աշխատում է Երկաթուղու էլցանցում որպես գանձապահ։ Երբ քաղաքացիներն ու ոստիկանները փորձել են վնասազերծել զինված հանցագործներին «նրանք կրակել են իրենց հետապնդողների ուղղությամբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է հրազենի 5 պարկուճ եւ 3 գնդակ, որոնք ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել է մի քանի համալիր փորձաքննություն: Տուժած գանձապահը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։