9 օգոստոսի 2011 - 12:37 AMT
Մեդվեդևը վավերացման է առաջարկել Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում ՌԴ ռազմակայանների մասին համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի տարածքում միավորված ռուսական ռազմակայանների մասին համաձայնագիրը: 2008թ. օգոստոսի վրացական ագրեսիայից հետո անկախացած երկու անդրկովկասյան հանրապետությունների տարածքում ռուսական ռազմական ներկայության մասին միջպետական համաձայնագրերը կնքվել են անցյալ տարի:

Աբխազիայում ձևավորվել է 7-րդ, իսկ Հարավային Օսեթիայում՝ 4-րդ ռազմակայանը: Ռազմակայանները Հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումներ են: Ռազմակայանները գտնվումն են Գուդաուտայի, Ցխինվալի ու Ջավայի հարևանությամբ: 49 տարով կնքված համաձայնագիրն ունի ինքնաբերաբար 15 տարով երկարացվելու հնարավորություն: Յուրաքանչյուր ռազմակայանի անձնակազմի թվաքանակը մոտ 3500 մարդ է՝ դա եռագումարտակային կազմի լիարժեք բրիգադ է: Սպառազինությունը արդիական է:

7-րդ և 4-րդ ռազմակայաններն իրավամբ կարելի է խաղաղապահ համարել:

Նրանց հիմնական խնդիրն է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի դեմ հնարավոր ագրեսիայի զսպումն ու ՌԴ քաղաքացիների պաշտպանությունը:

Աբխազիայի հետ Ռուսաստանի ռազմական համաձայնության վերաբերյալ համաձայնագրում առանձին նախատեսված է նաև ռազմածովային ուժերի համագործակցություն: Օչամչիրի նավահանգստում, հավանաբար, կկառուցվի Սևծովյան նավատորմի նավերի տեղակայման կետ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: