9 օգոստոսի 2011 - 13:15 AMT
Չելյաբինսկում ձերբակալվել է Հայաստանի երկու դրամանենգ քաղաքացի

Չելյաբինսկում ձերբակալվել է դրամանենգ երկու օտարերկրացի: Ինչպես հայտնում է «Նովի ռեգիոնը» հղում անելով ՌԴ Չելյաբինսկի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը, մարզկենտրոնի Լենինյան շրջանում կեղծ դրամի իրացման փորձի ժամանակ ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի:

Օտարերկրացիների բնակարանների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հազար ռուբլի արժողությամբ 100 կեղծ թղթադրամ: Օպերատիվ աշխատակիցները նշել են կեղծ թղթադրամների բարձր որակը՝ անփորձ մարդու համար շատ բարդ կլիներ տարբերել կեղծիքը: Դրամանենգները իրացրել են аЛ 21501**, аЛ 97372**, пТ 72125** սերիայի հազարանոց թղթադրամներ:

Ըսռ իրավապահ մարմինների, Հայաստանի ձերբակալված քաղաքացիները կարող են մեղսակից լինել Պերմի և Կրասնոյարսկի երկրամասերում կեղծ դրամի զանգվածային իրացմանը:

Ներկայումս հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 186 հոդվածի 1 մասով («Կեղծ դրամի կամ արժեթղթերի պատրաստում կամ իրացում»), որով նախատեսվում է մինչև 8 տարվա ազատազրկում՝ 1 մլն ռուբլի տուգանքի վճարումով: