9 օգոստոսի 2011 - 15:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԱՊՊԱ-ների հետևանքով աճել է գրանցված պատահարների թիվը

2011 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ, անցյալ տարվա համեմատ, 166-ով աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների, 8-ով զոհերի և 388-ով` վիրավորների թիվը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը` հավելելով, որ մտահոգվելու կարիք չկա:

«Վթարայնության վիճակը Հայաստանում կայուն է: Այս աճը կապվում է ԱՊՊԱ-ների գործունեության հետ: Եթե նախկինում վարորդները խուսափում էին ոստիկանություն դիմել, ապա այժմ ամենամեղմ հարվածի դեպքում էլ ահազանգում են ՃՈ և ԱՊՊԱ»,- մանրամասնեց բանախոսը:

Նա նշեց, որ պատահարների թվի աճի վրա ազդել է նաև ներմուծվող մեքենաների թվի ավելացումը` 15428 տրանսպորտային միջոց 7 ամսում:

2011 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 8-ը ՀՀ տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է երթևեկության կանոների խախտման 417457 դեպք, որը 3 անգամ մեծ է 2005 թ.-ի 12 ամիսների ընթացքում գրանցվածի թվից:

Գրանցվել է 1206 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 156, վիրավորվել` 1794 մարդ:

ՖՈՏՈՇԱՐՔ