9 օգոստոսի 2011 - 16:22 AMT
Android-ների համար Firefox 6 Beta-ի բջջային տարբերակը թարգմանվում է հայերեն

«Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ և HaySoft նախագծի նախաձեռնող Հրանտ Օհանյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Android սմարթֆոնների համար նախատեսված Firefox 6 Beta-ն Mozilla-ի կողմից թարգմանվում է հայերեն։

«Տեղյակ եմ, որ թարգմանությունը սկսված է։ Սկզբունքորեն թարգմանելը բարդ չի լինի, քանի որ նույն կոճակների անվանումներն են, ինչ սովորական բրաուզերինը։ Սակայն տեղյակ չեմ, թե երբ կգործարկվի հայերեն լեզվով պատրաստի տարբերակը, քանի որ հենց Mozilla-ն է աշխատում թարգմանության վրա, ոչ թե մեր կամավորների թիմը»,- ասաց Հրանտ Օհանյանը։

«Մոզիլլա Հայաստան» թիմը հաջորդականությամբ թարգմանում է բրաուզերի բոլոր նոր թողարկումները։ Այժմ Mozilla-ի 3.6, 4, 5 և 6 տարբերակները հասանելի են հայերեն լեզվով։ Ընթացքի մեջ է նաև Firefox Aurora-ի թարգմանությունը։

«Մոզիլլա Հայաստան» թիմի նպատակն է հայաֆիկացնել Մոզիլլա կազմակերպության ծրագրերը՝ հասանելի դարձնելով հայերեն լեզվով և հայկական ՏՏ ոլորտում հայերենի տարածումը։ Աշխատանքը ղեկավարում են Mozilla Foundation-ի 2 կամավոր աշխատակիցներ (Contributor)՝ Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը, իսկ կամավոր թարգմանիչները 11-ն են։