9 օգոստոսի 2011 - 17:11 AMT
Գաղտնի նկարահանումներ կատարած Վերնիսաժի առևտրականը հայտնվել է մեկուսացման մեջ

Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին Վերնիսաժում տիրող գողական բարքերը բացահայտող տեսանյութեր` «Արդարություն վերնիսաժում» խորագրով: Հեղինակը` Լիլիան, կատարել էր գաղտնի նկարահանումներ, որտեղ երևում է, թե ինչպես է Վերնիսաժի ադմինիստրատոր Կարեն Պապիկյանը մի առևտրականի ստիպում ազատել սեղանը մեկ ուրիշին տրամադրելու համար: Տեսանյութի «հերոսները»` Սաքոն, Էրիկը և Էրիկի հղի կինը, առևտրականներ են, որոնք Կարենի հետ միասին հարձակվում են խմբի մեջ չգտնվողների վրա, հայհոյում են ու անպատվում սեղաններ զավթելու համար:

«Որքան ժամանակ է անօրինությունները շարունակվում են: Ես էլ՝ որպես նախկին ֆոտոթղթակից, ձեռքս վերցրեցի տեսախցիկը. իրենք շատ են, և պայքարի այլ տարբերակ չէր մնում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Լիլիան:

PanARMENIAN.Net-ի թղթակիցն այսօր հանդիպել է նաև մյուս կողմին՝ Էրիկի կնոջը` Աննային: Նա էլ նշում է, թե սադրանքը եղել է Լիլիայի կողմից, և որ հենց Լիլիան է իրենց կռվի մեջ ներքաշել, հայհոյել, ապա նկարահանել պատասխան հայհոյանքները. «Ւսկ Կարենը պարկեշտ ու ազնիվ աշխատող է, երբեք չի վիրավորում ու չի հայհոյում»:

Վերնիսաժի տնօրեն Հարություն Նավասարդյանը ասաց, որ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում, քանի որ բացակայել է քաղաքից: Նա նշեց, որ վերադառնալուն պես եկել է Վերնիսաժ ու համապատասխան քայլեր է ձեռնարկել: « Տիկին Լիլիան ներկայացնում է հայ արվեստը, ու մենք չենք կարող թույլ տալ ոտնահարել հայ կնոջ ու հայ արվեստագետի պատիվը: Կարենը աշխատանքից կազատվի 2 օրվա ընթացքում: Իսկ կռիվ հրահրող առևտրականներին տեղափոխել ենք այլ վայր ու զգուշացում տվել: Ոնց որ ասում են` պորտները տեղն ենք դրել», - ասաց Վերնիսաժի տնօրենը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը նույնպես Վերնիսաժում էր: «Որքան եղել էի այստեղ, նման խնդրի չէի հանդիպել: Պարոն Նավասարդյանի հետ պայմանավորվեցինք միասին գալ և պարզել խնդիրը: Ուրախ եմ, որ հարցն արդեն լուծված է»,- ասաց թաղապետը` հուսալով, որ այլևս նման դեպք չի արձանագրվի:

Լիլիայի աշխատանքը խոչընդոտող բոլոր վաճառականներին Վերնիսաժի տնօրինությունը տեղափոխել է մի քանի մետր հեռու, ինչը դժգոհության նոր ալիք է բարձրացրել: «Մենք չենք հանձնվի և կբողոքենք: Ինչո՞ւ պետք է նա նստի ծառի տակ, հովին և հանգիստ առևտուր անի, իսկ ես` հղի կինս, կանգնեմ արևի տակ»,- բողոքում է Աննան: