9 օգոստոսի 2011 - 17:31 AMT
Անկարգությունները Մեծ Բրիտանիայում արդեն մարդկային զոհերի պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում օգոստոսի 9-ին մահացել է զանգվածային անկարգությունների ժամանակ հրազենային վնասվածք ստացած մի տղամարդ, հայտնում է Agence France-Presse գործակալությունը:

Ըստ ոստիկանության տվյալների, զոհվածը 26 տարեկան է, անունը չի նշվում: Նրան հայտնաբերել են Լոնդոնի արվարձանում մեքենայի մեջ: Թե ում վրա է ընկնում նրա մահվան պատասխանատվությունը, չի նշվում:

Վերջին տվյալներով, անկարգությունների ընթացքում ոստիկանությունն արդեն ձերբակալել է 525 մարդ: Ինչպես ասվել է ավելի վաղ, բանտախցերում տեղերի սակավության պատճառով ձերբակալվածների մի մասին ուղարկում են Լոնդոնից դուրս գտնվող բաժանմունքներ: Անկարգությունների կազմակերպման մեղադրանք է ներկայացվել Մեծ Բրիտանիայի 100 բնակչի, նշում է Sky News-ը:

Անկագությունները սկսվել են օգոստոսի 6-ին, այն բանից հետո, երբ Լոնդոնի բնակիչներից մեկը գնդակահարվեց ոստիկանների կողմից բերման ենթարկելու ժամանակ: Հաջորդ օրը փողոց դուրս եկան մի քանի հարյուր մարդ՝ նրանք հարձակվում էին ոստիկանության բաժանմունքների վրա, դիակապտությամբ էին զբաղվում և թալանով:

Օգոստոսի 9-ին անկարգությունները տարածվեցին մյուս քաղաքների վրա՝ Լիվերպուլ, Մանչեսթեր, Բրիստոլ, Բիրմինհեմ: Այս իրադարձությունների պատճառով ամառային արձակուրդն է ընհատել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է Lenta.ru-ն: