10 օգոստոսի 2011 - 10:52 AMT
ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստներ ենթարկվել են բռնության ոստիկանության կողմից

Երեկ օգոստոսի 9-ին ժամը 22-ի սահմաններում Կարապի լճի շրջակայքում հերթական միջադեպն է տեղի ունեցել ՊՊԾ գնդի աշխատակիցների և ՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների միջև: Այս մասին հաղորդագրություն է տվել «Հելսինկյան ընկերակցությունը»:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, ովքեր խուզարկելիս են եղել մի քանի քաղաքացիների: ՀԱԿ-ի ակտիվիստները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Սակայն ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են ու ծեծի ենթարկել նրանց: Երիտասարդները տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության բաժին:

Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը հայտարարություն են տարածել, որտեղ ասված է՝ քանի որ միջադեպին մասնակցել և իրենց նկատմամբ բռնություն են կիրառել «կարմիր բերետավորներն» ու Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները, հետևաբար ոստիկանության Կենտրոնի բաժանմունքը չի կարող անաչառ քննել և պարզել միջադեպի մանրամասներն: Ակտիվիստները պահանջում են, որպեսզի քննչական գործողություններն իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը: