10 օգոստոսի 2011 - 11:49 AMT
Գվատեմալայում սպանվել են թեթև ատլետիկայի հայ մարզիչները

Հայաստանցի երկու մարզիչ, հայր և որդի, սպանվել են Գվատեմալայի մայրաքաղաքում: 60-ամյա Մանվել Մալոյանը և նրա 30-ամյա որդին՝ Դավիթ Մալոյանը սպանվել են օգոստոսի 9-ին, տեղի ժամանակով 17.30-ին Mateo Flores մարզադաշտի հարևանությամբ, որտեղ նրանք մարզում էին Գվատեմալայի թեթև ատլետիկայի ազգային հավաքականը:

Ըստ ականատեսների, Մալոյանների ավտոմեքենան կանգնել է խաչմերուկում, որտեղ, հավանաբար, վիճաբանություն է ծագել երթևեկության կանոնները խախտած տաքսիի ուղևորների հետ: Անցորդները նշել են, որ մեքենայում գտնվող մարդիկ ինչ-որ բանի մասին նյարդայնացած վիճում էին: Անսպասելիորեն տաքսու ուղևորներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել Դավիթի դեմքին: Հանցագործի մյուս գնդակի զոհ է դարձել Մանվելը, երբ փորձում էր օգնության հասնել որդուն: Դրանից հետո հանցագործը դուրս է վազել մեքենայից ու հեռացել անհայտ ուղղությամբ: Տուժածները ծանր վիճակում տեղափոխվել են «Ռուզվելտ» հիվանդանոց, որտեղ մահացել են:

Հանցանքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի մի քանի պարկուճ: Ոստիկանությունը դիտարկում է սպանության դրդապատճառների մի քանի վարկած՝ չբացառելով կողոպուտի վարկածը: Կազմվել է մարդասպանի ֆոտոռոբոտը, որի հետախուզում է հայտարարվել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, զոհվածները Հայաստանի քաղաքացիներ էին: Մանվել Մալոյանն արդեն շուրջ 10 տարի է, ինչ բնակվում էր Գվատեմալայում և մարզում էր տեղի թեթև ատլետիկայի ազգային հավաքականը: Դավիթ Մալոյանն ավելի ուշ էր տեղափոխվել Գվատեմալա և օգնում էր հորը մարզչական աշխատանքում: