10 օգոստոսի 2011 - 13:04 AMT
Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար Հայաստանը պետք է մարտունակ բանակ ունենա

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 10-ին այցելել է զինված ուժերի 2-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, ելույթ ունենալով զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջև` պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել սպա-զինվոր փոխհարաբերությունների մասին: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Հայաստանի քաղաքական ղեկավարության այն մոտեցումը, ըստ որի ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ և բանակցային ճանապարհով, այդ ամենի համար պետք է ունենալ մարտունակ բանակ, որը կարող է լիարժեքորեն պաշտպանել մեր հայրենիքի սահմանները»:

Այնուհետև Սեյրան Օհանյանը այցելել է զորամասի հրաձգարան, դիտել կրակային պատրաստության վարժանքներ:

Պաշտպանության նախարարն այցելել է նաև հայկական ու ադրբեջանական զինված ուժերի շփման գիծ, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ: Նախարար Օհանյանը հայրենիքի սահմանները պաշտպանողներին պարգևատրել է արժեքավոր նվերներով: