ՀՀ տրանսպորտի նախարարությունը փորձառու օտարերկրյա կապալառուների է որոնում Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար

ՀՀ տրանսպորտի նախարարությունը փորձառու օտարերկրյա կապալառուների է որոնում Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Երևանում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի «Ծրագիր-1» և «Ծրագիր-2» ներդրումային ծրագրերի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Արարատի ու Արագածոտնի մարզերի մարզպետները, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի ու Թուրքմենստանի դեսպաններն ու ներկայացուցիչները: «Շնորհանդեսի նպատակն էր հրապարակայնություն ապահովել որակյալ ու պրոֆեսիոնալ կապալառուների ներգրավման համար»,-լրագրողներին է հայտարարել Մանուկ Վարդանյանը: «Մենք դիմել էինք Ասիական զարգացման բանկի անդամ բոլոր երկրների դեսպանատներ, ինչպես նաև ԱԳՆ միջոցով արտերկրում Հայաստանի դեսպանություններին, որպեսզի նրանք կարողանան առավելագույն տեղեկատվություն տրամադրել ծրագրի իրագործման ու նշանակության մասին»,-ասել է նախարարը: Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ նման շնորհանդեսներ է նախատեսվում անցկացնել Սեուլում, Պեկինում և Ֆրանկֆուրտում:

Նախարարը նշել է, որ բետոնածածկ ճանապարհի շինարարության նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում Հայաստանում՝ նշելով, որ ճանապարհը ամբողջությամբ կկառուցվի տեղական շինանյութից, ի տարբերություն ասֆալտապատ ճանապարհների, ինչը խթան կհանդիսանա նաև տնտեսության այլ ճյուղերի համար: Նախարարը նշել է նաև, որ ճանապարհի կառուցման հիմնական կապալառուն կլինի համապատասխան փորձ ունեցող օտարերկրյա ընկերություն:

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կկազմի 556 կմ՝ Իրանի հետ սահմանից մինչև վրացական սահման: Ծրագրի ֆինանսավորման մի մասը՝ 500 մլն դոլարի չափով կատարվում է Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին: Ծրագիրը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ տարածաշրջանային բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն:

6  10.08.11 - Երևանում կայացավ “Հյուսիս-հարավ”ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի շնորհանդեսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---