Հյուսիս-Հարավի կառուցման ժամանակ կկարևորվեն սեփականության փոխհատուցումն ու հնագիտական հարցերը

Հյուսիս-Հարավի կառուցման ժամանակ կկարևորվեն սեփականության փոխհատուցումն ու հնագիտական հարցերը

PanARMENIAN.Net - Հյուսիս-Հարավի տրանսպորտային միջանցքի կառուցման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի սոցիալ-իրավական ու հնագիտական հարցերին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի «Ծրագիր-1» և «Ծրագիր-2» ներդրումային ծրագրերի շնորհանդեսից հետո: Ըստ նրա, նախագիծը մշակել է ֆրանսիական ընկերությունը Ասիական զարգացման բանկի պատվերով և ԱԶԿ պահանջները շատ խիստ են եղել սոցիալական և բնապահպանական առումով: Նախարարը մասնավորապես, նշել է, որ հատուկ ուշադրություն կհատկացվի սեփականատերերի հողատարածքների, շինությունների ու բիզնեսի փոխհատուցման հարցերին: «Ցանկացած սեփականատեր, անկախ սեփականության ձևից, լինի նա իրավաբանական թե քաղաքացիական անձ, կամ համայնք, պետք է համապատասխան փոխհատուցում ստանա»,-հայտարարել է նա: Վարդանյանն ընդգծել է, որ մինչև հողատարածքները չգնվեն ու պետական սեփականություն չդառնան, ճանապարհի շինարարությունը չի սկսվի: Ըստ նրա, բոլոր համայնքներում, որտեղով անցնելու է ճանապարհը, կկազմակերպվի ծրագրի շնորհանդես և քաղաքացիները կիրազեկվեն հատուցման միջոցների մասին: Նա հավելել է, որ պետությունը կձգտի թերություններ թույլ չտալ իրավական դաշտում փոխհատուցման առումով, սակայն, եթե այնուամենայնիվ բացթողումներ լինեն, մարդիկ կարող են դատարան դիմել: Նախարարը հայտնել է նաև, որ փոխհատուցումը ամբողջովին կկատարվի ՀՀ բյուջեի հաշվին և կապ չունի Ասիական զարգացման բանկի հատկացումների հետ:

Նախարարը նշել է նաև, որ մեծ ուշադրություն կհատկացվի նաև հնագիտական հարցերին, քանի որ այդ հատվածում կան վայրեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում հնագիտական տեսակետից: Ըստ նրա, ցանկացած որոշում շինարարության ընթացքում կկայացվի միայն հնագետների դրական եզրակացության հիման վրա: Նա ընդգծել է, որ ԱԶԲ-ն կարևորում է այդ խնդիրը:

Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կկազմի 556 կմ՝ Իրանի հետ սահմանից մինչև վրացական սահման: Ծրագրի ֆինանսավորման մի մասը՝ 500 մլն դոլարի չափով կատարվում է Ասիական զարգացման բանկի վարկի հաշվին: Ծրագիրը թույլ կտա Հայաստանին տարանցիկ պետություն դառնալ տարածաշրջանային բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն:

6  10.08.11 - Երևանում կայացավ “Հյուսիս-հարավ”ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի շնորհանդեսը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---