10 օգոստոսի 2011 - 17:59 AMT
«Հայկական ներկապնակ» սիմպոզիումի մասնակիցները մեկնել են Արցախ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է նկարիչների «Հայկական ներկապնակ» 1-ին միջազգային սիմպոզիումի մասնակիցներին՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ։ Արդեն 3 օր է ժամանել են Արցախում մեկնարկած սիմպոզիումի մասնակիցները՝ Հայաստանից, Ռուսաստանից (Սանկտ Պետերբուրգ) և Բելառուսից։ Այն նախատեսված է անցկացնել Հայաստանի տարբեր մարզերում և ավարտել մայրաքաղաք Երևանում: Այն կտևի 20 օր:

Ծրագիրը նախաձեռնել են Հայաստանի նկարիչների միությունը, «Փյունիկ», «Լոռվա ձոր» հիմնադրամները։ Այն ղեկավարում է Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Գագիկ Ավետիսյանը, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը։

ԼՂՀ իշխանությունների անունից ողջունելով սիմպոզիումի մասնակիցներին` ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցն Արցախ: Պատասխանելով ներկաների հարցերին` նա հակիրճ ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմական և իրավաքաղաքական հիմունքները, Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի հետևանքներն ու արդյունքները, ղարաբաղյան կարգավորման գործընթացը, երկրի տնտեսության վերականգնման ու զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման ընթացքն ու հեռանկարները։