10 օգոստոսի 2011 - 18:02 AMT
Մարդու իրավունքների պաշտպանը կրպակների ապամոնտաժման մասին կմտածի ևս 6 օր

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի աշխատակիցներն այսօր եղել են Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում՝ կրպակների ապամոնտաժման վայրում և դեպքի մանրամասները զեկուցել են պաշտպանին: Խնդրի վերաբերյալ իր գնահատականները պաշտպանը կներկայացնի օգոստոսի 16-ին:

Մարդու իրավունքների պաշտպանի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ նա մտահոգված է Երևանում կրպակների ապամոնտաժման գործընթացով, և ներկայումս գրասենյակը ուսումնասիրում է դրա օրինականությունը՝ պարզաբանումներ պահանջելով համապատասխան իրավասու մարմիններից և խնդրին առնչվող անձանցից:

Այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում, սկսել են ապամոնտաժել այն կրպակները, որոնց պայմանագրերի ժամկետներն արդեն լրացել են: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրայր Անտոնյանը կրպակատերերի հետ զրույցում նշել է, որ պայմանագրի ժամկետները չլրացած կրպակները կշարունակեն գործել մինչև կրպակատերերին այլընտրանքային տեղեր առաջարկելը: Վաղը ժամը 10-ին Երևանի տարբեր շրջանների կրպակատերեր ցույցի են դուրս գալու Փակ շուկայից մինչև Կառավարության շենք: