10 օգոստոսի 2011 - 20:20 AMT
Շատ սփյուռքահայեր ի վիճակի չեն Հայրենիք ժամանել. դեպի Հայաստան տոմսերը չափազանց թանկ են

Օգոստոսի 10-ին կայացավ Հանրային Խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի անդամների հանդիպումը աշխարհի ավելի քան 10 երկրներում ապրող հայ երիտասարդների հետ, ովքեր գտնվում էին Հայաստանում ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էին ակտիվիստներ Հոլանդիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Էստոնիայից, Լիվանից, Սիրիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հանրային Խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի մամլո քարտուղար Գոհար Ղումաշյանը:

Հանդիպման բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Հանրային Խորհրդի երիտասարդության հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը` նշելով, որ յուրաքանչյուր ազգ ուժեղ է իր երիտասարդ սերնդով:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան Հանրային Խորհրդի գործունեությանը, ինչպես նաև ներկայացրեցին իրենց հուզող և շուտափույթ լուծում պահանջող խնդիրները: Երկխոսության նպատակը սփյուռքում ապրող հայ երիտասարդների խնդիրների վերհանումն էր, քննարկումն ու լուծման հնարավոր տարբերակների առաջարկները: Սփյուռքի հայ երիտասարդ առաջնորդները մի քանի անգամ բարձրացրեցին հայկական ավիաընկերությունների հետ կապված խնդիրը` նշելով, թե Հայաստանում ձևավորվել է մենատիրություն այդ բնագավառում, ինչը մեծ խոչընդոտներ է առաջացնում հայրենիք այցելելու համար: Ինչպես նաև նշեցին այն փաստը, որ տոմսերի բարձր արժեքի պատճառով շատ սփյուռքահայեր չեն կարողացել գալ Հայաստան տարբեր ծրագրերին մասնակցելու համար: Արժեքների մասին խոսելով` մասնակիցները նշեցին, որ մեր հայրենակիցներից շատերը նախընտրում են գնալ հանգստանալու այլ երկրներ, քանի որ դա գնային առումով շատ ավելի հարմարավետ է, քան ուղղակի Հայաստանի տոմս գնելը: Այս հարցն անհանգստացնում էր գրեթե բոլոր սփյուռքահայ երիտասարդներին:

Բարձրաձայնելով առկա խնդիրների մասին` նշվեց նաև սփյուռքահայ երիտասարդների համար տեղական հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության պակասի մասին: Հանդիպման ընթացքում նշվեց, որ սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների և Հանրային խորհրդի երիտասարդական հանձնաժողովի համագործակցությունը կունենա շարունակական բնույթ: