11 օգոստոսի 2011 - 19:15 AMT
Ալիկ Սարգսյան. Ոստիկանությունը պետի տեղակալի սպանության նոր վարկածներ չի մշակում

Ոստիկանությունը Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության նոր վարկածներ չունի և շարունակում է նախկին վարկածների հետաքննությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Նա նշել է, որ Ոստիկանությունը Դատախազությունից հետ է վերցրել գործը, որն այժմ գտնվում է Հատուկ քննչական ծառայության գլխավոր վարչությունում: Ոստիկանության պետի խոսքով, հատուկ քննչական խումբ է ստեղծվել, որը փորձառու աշխատակից է գլխավորում, և յուրաքանչյուր ուրբաթ խումբը Ոստիկանության պետին զեկուցում է հետաքննության ընթացքի մասին: Սարգսյանն ավելացրել է, որ այդ գործով հսկայական աշխատանք է կատարվել, այժմ վերացվում են հետաքննության ընթացքում թույլատրված բացթողումները: Նրա խոսքով, գործի առնչությամբ ձեռքբերումներ կան, և «մեր ընտրած վարկածները սխալական չէին»:

2009 թվականի փետրվարի 3-ին` ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ` Երևան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից դիտավորությամբ սպանվել է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Գևորգ Պետրոսի Մհերյանը: Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք` 1-ը կրծքավանդակի, 3-ը` գլխի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ և 4 գնդակ: